Աղքատները ծայրահեղ աղքատանում են, հարուստները` հարստանում. նոր տվյալներ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Աղքատները ծայրահեղ աղքատանում են, հարուստները` հարստանում. նոր տվյալներ. armeniasputnik.am

Հայաստանի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ն աղքատ են։ Այս եզրակացությանն են հանգել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում (ԱՎԾ)` տնային տնտեսություններում կատարած ուսումնասիրությունների արդյունքում։

Ստացված պատկերի համաձայն` Հայաստանում 2016թ–ին 2015–ի համեմատ աղքատների թիվը նվազել է 0.4%–ով։

Այսպիսով` աղքատ է ՀՀ բնակչության 29,4%–ը, որից 1,8%-ը` ծայրահեղ աղքատ, 8%-ը` շատ աղքատ, 19,6%-ը` աղքատ։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով` թեև պաշտոնական վիճակագրությամբ աղքատության ցուցանիշը նվազել է, բայց փոխարենը, սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի ավելացմամբ ու բնակչության եկամուտների չավելանալով պայմանավորված, աճել է ծայրահեղ աղքատների և շատ աղքատների թիվը։ «Տնային տնտեսությունների այն ուսումնասիրությունները, որ կատարում է ԱՎԾ–ն, այնքան խորը և հասցեական չեն»,– ասում է Մարգարյանը։

Տնտեսագետի համոզմամբ` թեև պաշտոնական վիճակագրությունը շրջանցում է հարուստ բնակչության ցուցանիշը, բայց Հայաստանում ոչ միայն աղքատների կյանքն է էլ ավելի բարդացել, այլև շատ հարուստներինը` հեշտացել։

«Հաստատ հարուստներն էլ ավելի են հարստացել ու ավելի մեծ չափով, քան աղքատները` աղքատացել։ Այդ հարաբերական աղքատությունն է ավելացել, որին, սակայն, այս վերլուծությունը չի անդրադառնում”,–ասում է Մարգարյանը։

Հայաստանում աղքատ է համարվում այն մարդը, ում ամսական եկամուտը չի գերազանցում 40 867 դրամը (85.1 դոլար), շատ աղքատ` 33 418 դրամ (69.5 դոլար), ծայրահեղ աղքատ` 23 313 դրամ (48.5 դոլար)։

Նշենք, որ հարևան երկու երկրների` Վրաստանի և Ադրբեջանի համեմատ Հայաստանն աղքատ բնակչության թվով միջին դիրքում է։ Ադրբեջանի կառավարության ներկայացրած տվյալներով` այդ երկրում աղքատ է բնակչության 4.9-5.9 տոկոսը։ Վրաստանում, Համաշխարհային բանկի տվյալներով` աղքատները կազմում են երկրի բնակչության 69%–ը։

Իսկ, օրինակ, հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալները կովկասյան երեք հանրապետություններում կյանքի որակի բոլորովին այլ իրողություն են ներկայացնում։ Դրանց համաձայն` ամենաշատ սովյալներն ապրում են հենց Ադրբեջանում։ Հայաստանում ու Վրաստանում սովյալների թիվն ավելի փոքր է։

Հետաքրքրական է, որ ԽՍՀՄ օրոք նվազագույն սպառողական եկամուտը գնահատված էր 90 ռուբլու չափով։ 1989թ–ի տվյալներով` 71 մլն մարդ այս նվազագույն գծից ցածր էր, այսինքն` աղքատ էր։

90-ականների սկզբում, ԽՍՀՄ փլուզման ու գների կտրուկ աճի հետևանքով, աղքատների թիվը կտրուկ ավելացավ` կազմելով բնակչության 30%-ը։ Աղքատության ամենաբարձր ցուցանիշը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից այդ տարիներին գրանցվեց միջինասիական հանրապետություններում` հասնելով բնակչության 50-70 %–ի։

armeniasputnik.am