Երեկ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատման լուրը ցնցեց հասարակությանը: Հիշեցնենք, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց, որ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել՝ իր հորդորով։
Ո՞վ է իրականում գեներալ Բաղմանյանը, ի՞նչ գիտենք նրա մասին և ինչու նրա պաշտոնանկության լուրը անտարբեր չթողեց ոչ ոքի։
Գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը ծնվել է 1963 թ.հոկտեմբերի 24-ին՝ Ադրբեջանի Հանրապետության Խանլարի շրջան, գ. Գետաշենում: Նա համարվում է բանակի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը: 1999 թվականից մինչև 2009-ը նա զբաղեցրել է նախ 5-րդ բանակային կորպուսի, ապա 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները: 2009-ից նա Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալն էր: 2007 թվականին Բաղմանյանի անունը շատ էր կապվում Կարճաղբյուր գյուղի զորամասում սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի սպանության հետ։ ԶԼՄ-ների հետ զրույցում զոհվածի մայրը՝ Գոհար Սարգսյանը, ասել է, որ իր տղային սպանել են գեներալի թիկնապահները՝ գեներալի ցուցումով։
Մի քանի ամիս առաջ էլ քաղաքացի Թաթուլ Բաղդասարյանը դատական հայց էր ներկայացրել գեներալի դեմ, նշելով, որ գեներալ Հայկազ Բաղմանյանը՝ օգտվելով իր պաշտոնական դիրքից, կեղծիքների միջոցով իրենից խլել է համատեղ հիմնած բիզնեսը՝ գազալցակայանը, և հենց գեներալի ճնշումներով կադաստրը գազալցակայանի հողատարածքը, որը Թաթուլ Բաղդասարյանի սեփականությունն է, ապօրինի դարձրել է համայնքի սեփականություն: Դատարանը մերժել է բողոքը։
Ըստ ԶԼՄ-ների տարբեր հրապարակումների, գեներալ Բաղմանյանը զբաղվում է նաև մի շարք բիզնեսներով՝ զորամասերի թեյարաններ, բիլիարդանոցներ, և նաև մենաշնորհ է դարձրել խեցգետնի արտահանումը։ Նրա եղբայրը՝ Բորիս Բաղմանյանը, նույնպես լավ պաշտոն էր զբաղեցնում ժամանակին «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում, սակայն հետո պաշտոնի իջեցում է եղել, ինչի համար գեներալը կոնֆլիկտների մեջ է եղել իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ գեներալ Բաղմանյանը Մոնումենտ թաղամասում ընտրությունների ժամանակ թաղային հեղինակությունների միջոցով հովանավորում էր Արտակ Սարգսյանին, ինչի համար, ըստ տեղեկությունների՝ խոսակցություն է ունեցել Վլադիմիր Գասպարյանի հետ, ում փեսան՝ Արթուր Գևորգյանը, նույնպես տվյալ տարածքում էր առաջադրել իր թեկնածությունը։
Իսկ ամենազավեշտալի երևույթներից մեկը գեներալի մոտ 150 հազար դոլար արժեցող Պորշ Պանամերա մեքենան է, որը ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկության, նրան նվիրել են քրեական հեղինակությունները։
Նիկոլայ Ավետիսյան
Ամբողջությամբ՝ armtimes.com-ում: