Հայկազ Բաղմանյանն առաջին ծիծեռնակն էր. «Ակտուալ Քաղաքականություն»
Advertisement 1000 x 90

Հայկազ Բաղմանյանն առաջին ծիծեռնակն էր. «Ակտուալ Քաղաքականություն»

Բաղմանյանն առաջին ծիծեռնակն էր (թող ինձ ներեն ծիծեռնակները), ու ես կարծում եմ, որ դեռ էլի մի քանի օդիոզ գեներալների գլուխներ են թռչելու մինչև 2018 թվականը։ Սկզբունքորեն չեմ ուզում վերստին կրկնել այն բազմաթիվ ու բազմապիսի փաստարկները, թե ինչու պետք է Բաղմանյանը պաշտոնանկ արվեր, որովհետև դրա մասին շատ է խոսվել։ Թերևս արժի միայն նշել, որ շատ քիչ հավանական է, որ առաջնորդվեն հանրային պահանջով ու Բաղմանյանի նկատմամբ որևէ սանկցիա ու պատժամիջոց կիրառեն՝ պայմանով, որ Բաղմանյանը պոզերը չի տնկի ու չի սկսի սաբոտաժ ու առավել ևս՝ հակաիշխանական զեղումներ։ Ըստ իս՝ կոմպրոմիսը հենց դրանում եղել է․ գեներալներն առանց ավելորդ աղմուկի ու կոնվուլսիաների գնում են թոշակի ու ստանում են ինդուլգենցիա՝ գործած մեղքերի համար։

Վերադառնանք բաղմանյանա-խաչատուրովական պելյադայի հետագա ճակատագրին։ Վաղուց արդեն աներկբա փաստ է, որ բանակի զարգացման ու առավել ևս՝ այն արմատական ռեֆորմների կայացման համար, որոնք ակտուալ են հիմա, գլխավոր խանգարող հանգամանքները բանակային վերնախավում ոսկրացած ու ճարպոտած, գեներալական կոչումով մի քանի հանգույցներն են։ Նրանք մարմնավորում են արխաիզմ ու ռեգրես, ուստի նրանցից ազատվելն օրվա հրամայական է ազգային անվտանգության տեսանկյունից էլ, Սերժ Սարգսյանի հետագա ռազմավարության տեսանկյունից էլ։

2018-ին ընդառաջ Սարգսյանը խնդիր ունի երաշխավորելու ուժային կառույցների տոտալ լոյալությունն ու պրոֆեսիոնալիզմը, իսկ մյուս կողմից էլ խիստ կարևոր է, որպեսզի դաշտում նա միակ մարտիկը չմնա։

Նաև այս տեսլականի կոնտեքստում է տրամաբանական, որ գործողությունների քարտ բլանշ է տրվել Վիգեն Սարգսյանին․ չէ՞ որ նույն Բաղմանյանին կարելի էր պաշտոնանկ անել ոչ պակաս մեծ շուքով, բայց այնպես, որ փառքի դափնիները գնային Սերժ Սարգսյանին, սակայն արվեց այնպես, որ հանրությունը հստակ հասկանա, որ այդ որոշումն առաջ է տարվել հենց Վիգեն Սարգսյանի կողմից, ասել է, թե՝ Բաղմանյանին «գործից հանել է» Վիգեն Սարգսյանը։ Նման մատուցումն ավելացնում է պաշտպանության նախարարի թե՛ քաղաքական կշիռը, թե՛ հանրային համակրանքի սանդղակը։ Ինչ մնում է գեներալական աստղերով մյուս «ծիծեռնակներին», ապա կարծում եմ, որ մինչև գարուն էական ափդեյթ կլինի ու հատկապես՝ գլխավոր շտաբի առանցքային հանգույցներում։

armrealpolitics.blogspot.am



Նման նյութեր