Որևէ նորմալ մարդ չի կարող կողմ լինել բռնությանը, առավել ևս՝ ընտանիքում: ԱԺ-ում ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նախագծի նախնական տարբերակում խնդրահարույց կետեր կային, այսօր կարող եմ ասել, որ դրանք դուրս են եկել, սակայն այնպես չէ, որ ամբողջովին կողմ ենք: Խնդրում եմ՝ թող ոչ ոք չմտածի, որ ՀՀԿ-ն, կամ ես կողմ ենք բռնությանը: Ես մերժում եմ բռնությունը ընտանիքում, խորհրդարանում, հասարակությունում և այլ հարաբերություններում, և սա հստակ փաստ է: Երկրորդ՝ ավանդական ընտանիքի հետ կապված, այո, սա իմ առաջարկն է, որը ֆիքսված է մեր Սահմանադրության մեջ, և դա բխում է իմ աշխարհընկալումից: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իր կարծիքը, իսկ ավանդական ընտանիքը, ըստ իս, տղամարդու և կնոջ սիրո, համերաշխության և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, այլ բաներ պետք չէ այստեղ փնտրել»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: