Հարավային Կորեայի LG Display ընկերությունը դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ Կումի քաղաքի իր գործարանում հինգերորդ սերնդի լուսային OLED-պանելների զանգվածային արտադրություն է սկսում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը նոր արտադրանքի
շնորհանդեսի արարողությունից:
«OLED տեխնոլոգիայի հիման վրա լուսավորման պանելների զանգվածային արտադրության սկիզբը կարևոր շրջադաձային կետ է այս ինդուստրիայում»,- լրագրողներին ասել է LG Display-ի փոխնախագահ Պակ Սոն Սուն: Նա նշել է, որ այս քայլն ընկերությանը թույլ կտա բարձրացնել արտադրանքի որակը՝ միաժամանակ իջեցնելով դրա արժեքը:
Նոր արտադրական գիծը թույլ է տալիս սկզբնական փուլում արտադրել 1100 x 1250 միլիմետր չափով և ընդամենը 0,41 միլիմետր հաստությամբ 15 հազար OLED-թերթ: Ծավալներն աստիճանաբար պլանավորվում է ավելացնել: Լուսավորման OLED պանելները բազմաթիվ առավելություններ ունեն լույսի մյուս աղբյուրների համեմատությամբ, վստահեցնում են LG Display ներկայացուցիչները:
Դրանցից առաջինը պանելի մեծ մակերեսն է, ինչը թույլ է տալիս ստանալ ավելի մեղմ և հավասարաչափ լուսավորում սովորական լամպերի և լուսադիոդների համեմատությամբ: Բացի դրանից, պանելները գործնականում տաքություն չեն անջատում: OLED-պանելների ևս մեկ մեծ առավելությունը դրանց ճկունությունն է, և, համապատասխանաբար, դրանց՝ գործնականում ցանկացած ձև տալու հնարավորությունը: Մշակմամբ արդեն հետաքրքրվել են ավտոմոբիլային արդյունաբերության ներկայացուցիչները, կենցաղային տեխնիկա արտադրողները, ինտերիերների դիզայներները և այլ մասնագետներ:
LG Display-ի ներկայացուցիչները նաև ներկայացրել են Luflux բրենդը, որի ներքո կվաճառվեն պանելները: LG Display-ի գնահատումների համաձայն՝ հաջորդ տասնամյակի ընթացքում լուսավորման OLED-պանելների համաշխարհային շուկայի աճի տարեկան միջին տեմպը կկազմի 52 տոկոս, իսկ 2026 թվականին դրա ծավալները կկազմեն 2,2 միլիարդ դոլար: