Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ` այս տարի «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումն անցկացվեց նաև Տավուշի և Լոռու մարզերի 7 համայնքներում։
Հայաստանում արդեն 4-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառումն ընդլայնում է իր աշխարհագրությունը և ընդգրկում Տավուշի մարզի Կոթի, Այգեհովիտ և Լոռու մարզի Վանաձոր, Մեծ Այրում, Քարինջ, Թումանյան և Արևածագ համայնքները։ Միջին և ավագ դպրոցի 80-ից ավել աշակերտներ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից հիմնված ՍՄԱՐԹ սենյակներում ծանոթացան ծրագրավորմանը, բացահայտեցին «ծրագրավորող», «ծրագրավորման կոդ» և նման հասկացությունները և կյանքում առաջին անգամ գրեցին իրական կոդ։ Եվ այս ամենը մասնակիցները սովորեցին խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մարզերում կնպաստի տնտեսական ակտիվությանը, և անկախ նրանից, թե ինչքան հեռու են նրանք մայրաքաղաքից, այդ համայնքներում ապրող երիտասարդները պետք է հնարավորություն ունենան օգտվելու նմանատիպ միջոցառումներից, ծանոթանալու ծրագրավորման ոլորտի հնարավորություններին և, գուցե, հետագայում դառնալու ծրագրավորողներ և հիմնել ՏՏ ընկերություններ իրենց իսկ համայնքներում։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը իր գործունեությունը փորձում է ընդլայնել և տարբեր գործընկերների միջոցով աշխատել հեռավոր համայնքներում»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի աշխարհի 180 երկրից: Հայաստանում հետաքրքրությունը ՏՏ ոլորտի նկատմամբ գնալով աճում է երիտասարդների շրջանում, և այս միջոցառումը ծրագրավորմանը ծանոթանալու հիանալի հնարավորություն է։ «Ծրագրավորման ժամ» միջոցառման հայաստանյան գործընկերն է Մայքրոսոֆթ ԱրԷյը։
«Նախաձեռնությունը շատ համահունչ է և հարիր Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ մոտեցումներին։ ՔՈԱՖՍՄԱՐԹ կենտրոնի բացումից հետո երեխաներին, ի թիվս այլ հմտությունների, նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքներ ենք փոխանցելու։ Եվ այսօրվա նախաձեռնությունը առաջին քայլն է՝ որպես ծանոթություն ծրագրավորման ոլորտին»,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։