Ներկայացնում ենք Արմեն Հովասափյանի Facebook-յան վերլուծականը.
Դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի ազգային անվտանգության «Ալֆա» հատուկ ջոկատի անդամները ներխուժել են ընդդիմադիր «Նոր ուժերի շարժման» նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի բնակարան՝ կոտրելով դուռը: Նրա կողմնակիցները հայտարարել են, որ իշխանությունների գործողություններն ապօրինի են: Սաակաշվիլիին ձեռնաշղթաներով են դուրս բերել, ինչից հետո նրա կողմնակիցները փորձել են խանգարել իրավապահներին, սակայն չի հաջողվել: Ըստ նախնական ներկայացված մեղադրանքի, Սաակաշվիլիին 3-5 տարվա ազատազրկում էր սպառնում, մինչդեռ նրա փաստաբաններից մեկը հայտարարել է, որ ոչ մի փաստաթուղթ Սահակաշվիլիին չի ներկայացվել:
Այն բանից հետո, երբ Սաակաշվիլին իմացել է, որ ուկրաինացի իրավապահները ցանկանում են խուզարկել իր տունը, նա իր բողոքն արտահայտել է տանիքին բարձրանալով և սպառնալով նետվել այնտեղից: Սաակաշվիլիի դաշնակից Դավիթ Սակվարելիձեն ասել է, որ անհայտ անձինք կոտրել են Կիևի Սաակաշվիլու բնակարանի դուռը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են սկսել կապված բողոքի ակցիաների ֆինանսավորման քրեական գործի հետ: Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, Սաակաշվիլին բարձրացել է 8 հարկանի շենքի տանիքին, որտեղ նա ապրում է և սպառնացել է ցատկել այնտեղից:
Կիևում ոստիկանության ու Սաակաշվիլիի կողմնակիցների բախումների պատճառով իրավապահները չէին կարողացել ձերբակալել Միխայիլ Սաակաշվիլիին: Այժմ քաղաքական գործիչն իր կողմնակիցների հետ շարժվում է դեպի Գերագույն Ռադայի շենքի մոտ:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրում է Սաակաշվիլիին «պետական իշխանության գրավման» փորձի մեջ և հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են, որ նա Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմիցն է և նրանից ֆինանսավորում է ստացել բողոքի ակցիաներ կազմակերպելու համար:
Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ոչ մի պաշտոնի չի հավակնում, սակայն քաղաքացիներին կոչ է արել երեքշաբթի երեկոյան գալ Կիևի կենտրոն՝ գործող իշխանություններին բողոք հայտնելու։ Նա իր ելույթում նորից է նախագահին իմպիչմենտ հայտնելու կոչ արել և իշխանություններին մեղադրել է սադրանքների մեջ՝ նշելով, որ իր ակցիաներում հանցավոր ոչինչ չի եղել։
Սաակաշվիլին խոստանում է նույն բարեփոխումներն անել Ուկրաինայում, ինչ Վրաստանում է, ընդ որում մի քանի տասնյակ օրում, սակայն Ուկրաինան Վրաստան չէ: Ուկրաինան շատ բարդ երկիր է բազմաթիվ ռեգիոնալ խմբերով ու հատուկ շահերով, որը յուրաքանչյուրը ստիպված է հաշվի առնել: Եթե Պորոշենկոն Սաակաշվիլիից եկող ազդանշաններն անտեսի, նույնպես մեծ սխալ կլինի, որը կարող է շատ թանկ նստել նրա վրա:
Ընդգծենք, որ այս աղմուկը միանշանակ ձեռնտու է միայն Մոսկվային, որի համար սա հրաշալի առիթ է արևմտյան դեմոկրատիայի ուղղությամբ ցեխ շպրտելու, հետխորհրդային տարածքում դեմոկրատիզացիայի գործընթացը վարկաբեկելու համար:
Այս սկանդալային պատմությունը` անկախ վերջաբանից, մահացու հարված է Պորոշենկոյի իշխանությանը, որն առանց այդ էլ` Արևմուտքում և ուկրաինական հասարակության աչքերում կորցրել էր հեղինակությունը` կոռուպցիայի մեջ թաթախված լինելու հետևանքով: Սաակաշվիլու հնարավոր արտահանձնումը գուցե մի քանի ամսով երկարաձգի Պորոշենկոյի իշխանությունը, սակայն, մեծ իմաստով` նույնանալով ռուսամետ Յանուկովիչի իշխանության ձեռագրի հետ: Մյուս կողմից` նոր Մայդանը հազիվ թե հաղթահարի ինստիտուցիոնալ այն ճգնաժամը, որն առաջացել է Ուկրաինայում:
Հիշեցնեմ, որ Միշան լուրջ հաջողություն ունեցավ Վրաստանում. նրա նախագահության կառավարման պիկին, բնակչության մոտ բավական լուրջ ռեյտինգ ուներ, միաժամանակ շատ հակասական կերպար դարձավ Ուկրաինայում. վրացական բանտը կամ նոր Մայդանը գուցե դառնան նրա քաղաքական ռեաբիլիտացիայի փշոտ ճանապարհը, մանավանդ, որ թե՛ Վրաստանի և թե՛ Ուկրաինայի հասարակությունները այլընտրանքի կարիք ունեն:
Ճիշտ է Սահակաշվիլին իր աջակիցներն ունի և մեծ հուզումներ են բարձրացրել Կիևում, սակայն շատ քիչ է հավանականությունը, որ նա հաջողութան կհասնի: Իրականում Ուկայինայում գործող իշխանություններից դժգոհություններ կան, սակայն դա չենք կարող համեմատել նախորդ Մայդանի հետ, քանի որ այսօրվա իշխանությունները լիակատար աջակցություն են ստանում Արևմուտքի կողմից: Բացի այդ Սահակաշվիլին շատ էկսցենտրիկ գործիչ է, գործում է պահի ազդեցության տակ և շատ հնարավոր է այս անգամ նրա բախտը չբերի և վերջնականապես ձերբակալվի, կամ էլ վտարվի:
Հ.գ.1. Թբիլիսիի բանտում նրա հնարավոր հանգրվանումը հարված է հասցնելու Վրաստանի իշխանությունների միջազգային հեղինակությանը: Իվանիշվիլու թիմը, ֆորմալ առումով, չի վերանայել երկրի եվրաատլանտյան ինտեգրման կուրսը:
Հ.գ.2. Սաակաշվիլին հայտնել է, որ հատուկջոկատայինները հարձակվել են քնած ակտիվիստների վրա և դաժանորեն ծեծի ենթարկել նրանց: Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին երեք կողմից, արդյունքում վիրավորվել է 10 մարդ: