Մարդիկ սովոր են օգտվել Wi-Fi-ից հասարակական վայրերում՝ սրճարաններ, այգիներ, տրանսպորտ։ Բայց քչերը գիտեն, որ բաց աղբյուրները կարող են վտանգ ներկայացնել։ Adme.ru-ն ներկայացրել է, թե ինչ վտանգ կարող է սպառնալ անվճար ցանցից օգտվելը, և ինչ է հարկավոր անել՝ տվյալները պաշտպանելու համար։
Լրտես միջնորդներ
Wi-Fi-ի սպառնալիքներից մեկը, այսպես կոչված, միջնորդների հարձակումներն են՝ MiM (Man in the Middle` մարդ մեջտեղում)։ Այս տեխնոլոգիաների միջոցով չարամիտները ստանում են ձեր տեղեկատվությունը, կարող են օգտագործել այն կամ փոխանցել այլ անձի։
Կլոնների հարձակում
Մյուս հայտնի միջոցը վերահասցեագրումն է, այսպես կոչված, կլոնավորված կայքի։ Հաքերները փոխում են հասցեն, մտնում եք կայք, որը ոչ մի կասկած չի առաջացնում։ Առանց խաբկանքը հասկանալու՝ ձեր տվյալները՝ ի դեմս գաղտնաբառերի, հեշտությամբ փոխանցում եք այլ անձանց։
Գաղտնաբառեր «առևանգողներ»
Շատերն են օգտագործում նույն էլեկտրոնային հասցեն՝ տարբեր կայքերում գրանցվելու համար։ Դեպքերի մեծամասնությունում օգտագործվում է միևնույն գաղտնաբառը։ Սա հարմար է, բայց ոչ միայն ձեզ, այլև հաքերների համար։ Օգտվելով Wi-Fi-ի միևնույն ցանցից՝ նրանք հեշտությամբ կարող են իմանալ կայքերի գաղտնաբառերը, որոնք մենք այցելում ենք։
Համաճարակ
Wi-Fi-ի ցանցը, որը պաշտպանված չէ վնասակար ծրագրերից, կարող է հանգեցնել բազմաթիվ սարքավորումների վնասման՝ համաճարակի։ Վիրուսներն արագորեն փոխանցվում են մի օգտատիրոջից մյուսին, իսկ դրանցից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Բացի ձեր տվյալները գողանալուց՝ հաքերները կարող են ձեր փոխարեն գործողություններ կատարել։
«Ավազակ» ցանցեր
Դուք վստահում եք սրճարանների, օդանավակայանների, զվարճանքի կենտրոններում առկա Wi-Fi ցանցերին, բայց պաշտոնական կայքերի «դիմակի տակ» կարող են թաքնված լինել կեղծ ցանցեր, որոնք նպատակն է՝ «ձեզ ցանցը գցել» և հասանելիություն ստանալ ձեր տվյալներին։
Ձեզ կարող են հետևել
Չարամիտները կարող են ընդամենը հետևել, թե ինչպես եք հավաքում ձեր գաղտնաբառը, և փորձել ստանալ ձեր տվյալները։ Աշխատեք հասարակական վայրերում բանկային գործարքներ չկատարել։
Վնասակար հավելվածներ
Եթե ցանցը պաշտպանված չէ, հավելվածի հետ կարող եք վիրուսներ ներբեռնել կամ հաքերներին հնարավորություն տալ ձեռք բերել ձեր տեղեկատվությունը։
Ինչպես պաշտպանվել
- Հասարակական վայրերում օգտագործեք VPN` Virtual Private Network.
- Մի մոռացեք թարմացնել հակավիրուսային ծրագրերը։
- Անջատեք Wi-Fi-ը, երբ այն չեք օգտագործում։
- Մի վստահեք կասկածելի անուններով ցանցերին, ինչպես FreeInternet կամ FreeWiFi։
- Անջատեք Wi-Fi-ին ավտոմատ միացումը։
- Հաշվի առեք՝ ինչ կայքեր եք մուտք գործում. մուտք մի գործեք բանկերի կայքեր կամ սոցիալական ցանցեր, երբ միացած եք հասարակական WiFi-ի։
- Համացանցով գնումներ մի կատարեք հասարակական վայրերում։
- Հանրային ցանցերում գաղտնի տեղեկատվություն մի փոխանակեք։
- Մի բացեք կայքերի հղումները, որոնց չեք վստահում։
- Ուշադիր եղեք. բանկային ռեկվիզիտներ ու գաղտնաբառեր մուտք մի արեք, եթե ձեր կողքին շատ մարդիկ կան։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը