«Թումո»-ն պաշտոնապես ներկայացրեց «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Թումո»-ն պաշտոնապես ներկայացրեց «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների և Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված  «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը և Հայաստանում առաջին առցանց ինտերակտիվ կոմիքսը պաշտոնապես ներկայացվեցին դեկտեմբերի 12-ին։

Այս մասին տեղեկացնում է «Թումո»-ի հաղորդակցման բաժինը՝ հավելելով. ««Նետոյի առասպելը» Թումոյի 15-ից 22 տարեկան երիտասարդների թիմի ստեղծած յուրօրինակ խաղն է, որն իր խաղացողներին առաջարկում է Նետո մոլորակում դարերով տեղի ունեցող կոռուպցիոն խնդիրները լուծելու ձևեր: Իրեն հանդիպող զանազան իրավիճակներում խաղացողը լուծում է խնդիրներ ու կայացնում որոշումներ՝ փորձելով խուսափել կոռուպցիայից, բացահայտել կամ դատապարտել այն:

Այս ամենը օգնում է սովորել կոռուպցիայի զանազան դրսևորումների մասին և պայքարել դրանց դեմ: Խաղի ստեղծագործական երիտասարդ թիմը պատմությունը լրացրել է հետաքրքիր զարգացումներով՝ փորձելով նման կարևոր խնդրի մասին բարձրաձայնող ուսուցողական հարթակը դարձնել հետաքրքրաշարժ և գրավիչ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին միջոցառման բացման արարողությանը նշեց. «Թումոյի ուսանողների աշխատանքն ինձ տարավ նոր գալակտիկաների բացահայտումների ու հիմա ձեզ էլ հրավիրում եմ` միանալու մեր ուսումնասիրությանը:

Ուսանողների գաղափարները, ստեղծագործ մտածողությունն ու ծրագրավորման հմտությունները հույսի ցուցանիշ են Հայաստանի բոլոր երիտասարդների համար»:

Իսկ խաղի կոնցեպտ արտիստներից Աստղիկ Հարությունյանը ընդգծեց. «Անչափ շնորհակալ ենք Թումոյին և Եվրոպական միությանը, որովետև նրանք մեզ հնարավորություն տվեցին ոչ միայն այսպիսի մեծամասշտաբ նախագծի մեջ կիրառել Թումոյում ստացած մեր գիտելիքները, այլև ստեղծելու մի գաղափար, որը կարող է հենց մեր սերնդին՝ երիտասարդությանը ցույց տալ ճանապարհ, որով քայլելով մենք կարող ենք հասնել կոռուպցիայից զուրկ հասարակության»:

Թումո-ԵՄ խաղը դեռ դրա մեկնարկից առաջ հասցրել է արժանանալ մի շարք միջազգային և տեղական մրցանակների: 2017-ին այն արժանացել է լավագույն ստեղծարար նորարարություն մրցանակին` Եվրոպայի ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում՝ Գերմանիայի Էսսեն քաղաքում, իսկ օրեր առաջ խաղի ստեղծագործական թիմը ճանաչվեց «Տարվա երիտասարդություն»՝ Իրավաբանների հայկական ասոցացիայի ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում: Թիմը նաև պատվով ներկայացրել է Հայաստանը Իտալիայի Լուկա քաղաքի կոմիքսների և խաղերի փառատոնում»: