Մաքրուհու և երկու տղամարդկանց կողմից սպանությամբ ավարտված ավազակության վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ:
Կալանքից ազատ ամբաստանյալը՝ տուժողի տանը մաքրություն կատարած Տաթևիկ Միքայելյանը, չէր ներկայացել դատական նիստին: Նա դատարանին տեղեկացրել էր, որ ինքը վատառողջ է և չի կարող ներկայանալ դատական նիստին: Քանի որ դատարանը չուներ ամբաստանյալի վատառողջ լինելու մասին որևէ ապացույց, որոշեց հաջորդ դատական նիստին ամբաստանյալին բերման ենթարկել:
Ըստ մեղադրանքի՝ Լ.Աճինյանը հանցավոր համաձայնության է եկել Կ. Դոխոյանի և Տ.Միքայելյանի հետ, դիտավորությամբ կյանքից զրկել է Ս.Վարդանյանին՝ զուգորդված ավազակությամբ: Մասնավորապես, Տ.Միքայելյանը մաքրություն է կատարել Ս.Վարդանյանի բնակարանում: Տեսնելով վերջինիս ոսկյա զարդերը և գումարները՝ նախապես պայմանավորվել է Աճինյանի հետ, որն էլ, մուտք գործելով Վարդանյանի բնակարան, խեղդամահ է արել վերջինիս:
Բացի այդ, Աճինյանը, ըստ մեղադրանքի, փորձել է օժանդակել Կ.Դոխոյանին Ս.Դանիելյանի ծառայողական անձնական աշխատասենյակից կատարելու խոշոր չափերի գույքի գաղտնի հափշտակություն:
Լևոն Աճինյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ ավազակությամբ զուգորդված սպանություն, 38-34-177- րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողությանն օժանդակելու փորձ, 38-175-րդ հոդվածի 1-ին մաս՝ ավազակության օժանդակություն, Կարո Դոխոյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ, 324-րդ հոդվածի 1-ին մաս՝ փաստաթղթեր հափշտակելը կամ վնասելը, իսկ Տաթևիկ Միքայելյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակություն, 38-175-րդ հոդվածի 1-ին մասով՝ ավազակությանն օժանդակելը, 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն, 178-րդ հոդվածի 1-ին մաս՝ խարդախություն: