SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի ավագ քննիչ Էդուարդ Թումաղայանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խաչատրյանի նկատմամբ, ով կասկածվում է գողություններ կատարելու մեջ։ Քննչական բաժինը հսկայածավալ և օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել է, որ Հ. Խաչատրյանը Երևանում կատարել է նաև անհայտ ծագման մսի գողություն և գողոնը նա հանձնել է «Գում»-ի շուկայի մոտ գտնվող մսի առևտրով զբաղվող ինչ-որ ընկերության։
Էրեբունու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նաև այդ վայրը և քննիչների հրավերով ժամանել են Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները, ովքեր առգրավել են անհայտ ծագման միսը, վերցրել փորձանմուշներ և կապարակնքել են այդ տարածքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանի կողմից գողացված միսը ձիու և ավանակի է եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: