Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են 38-ամյա Արթուր Մկրտչյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 ՍZ 560 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած Audi A4 մակնիշի 77 ՏG 707 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Audi-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել Հրազդան գետում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ հրշեջ ջոկատը՝ Արսեն Հովսեփյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պաստախանատու հերթապան Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից պետք է ժամանի օրվա պատասխանատու հետաքննիչը: Ոստիկանությունը պարզում է Audi A4-ի վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: