ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը: Այս մասինտեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: Ուղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման:
Մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
Նախատոնական առևտրի ակտիվացմամբ պայմանավորված՝ ՍԱՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է սպառողներին, միս գնելիս անպայման պահանջել և ծանոթանալ անասնաբուժասանիտարական ուղեկցող փաստաթղթերին, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով: