Հայաստանի բնակիչների 51%-ը լիովին վստահում է բանակին, 26%-ը՝ ավելի շուտ վստահում է։ Այս մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, որոնք արտացոլված են «Կովկասյան Բարոմետր 2017» զեկույցում։
Հարցումն անցկացվել է ՀՀ 1648 տնային տնտեսությունների շրջանում՝ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։
Ըստ այդմ, բանակը Հայաստանում ամենից մեծ վստահություն վայելող հաստատությունն է։ Հարցվածների 8%-ը նշել է, որ ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում բանակին։ 7%-ը ավելի շուտ չի վստահում, 6%-ը՝ բոլորովին չի վստահում։
Վստահության առումով երկրորդը եկեղեցին է։ Հարցվածների 49%-ը լիովին վստահում է իր կողմից դավանած կրոնական հաստատությանը։
Երրորդ տեղում կրթական համակարգն է, որին լիովին վստահողների կշիռը բավականին փոքր է բանակի և եկեղեցու համեմատ։
Իսկ որոնք են ամենաանվստահելի հաստատությունները։
ՀՀ քաղաքացիները ամենից քիչ վստահում են քաղաքական կուսակցություններին, որոնց հաջորդում են ԶԼՄ-ները, Ազգային ժողովը և դատական համակարգը։
Վերադառնալով բանակին՝ նշենք, որ 2008 թվականի համեմատ լիովին վստահողների թիվը նվազել է (61%-ից հասնելով 51%-ի), սակայն վերջին 2 տարիների կտրվածքով բանակի նկատմամբ վստահությունը որոշ չափով վերականգնվել է։