Նոյեմբերի վերջին Ռուսաստանում դաշնային հետախուզում է հայտարարվել ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Գուլի) նկատմամբ։ Նրան մեղադրում են 2015 թվականի դեկտեմբերին Քամալ Գուլուևի առևանգում կազմակերպելու համար, որի համար սահմանվել էր 10 մլն եվրո փրկագին: Այս մասին, 1in.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Փրայմ Քրայմ»-ը։
Առևանգումից հետո Գուլուևին հաջողվել է փախչել «ապաշխարող» առևանգիչ Մաքսուդ Ղուրբանովի հետ։ Այնուհետ նա ցուցմունք է տվել Գուլիի դեմ:
Սալիֆովը Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) ձերբակալությունից հետո հավակնում է «թիվ 1 օրենքով գողը» դառնալու կոչմանը։
«Գուլին, լինելով ծագումով Վրաստանից, կարող է վերահսկել համաքրեական հանցավորությունը, որպես ադրբեջանցի՝ կարգուկանոն հաստատել շուկաներում, որպես մուսուլման՝ ազդել հյուսիսկովկասցի արմատականների և միջինասիական էթնիկ խմբավորումների առաջնորդների վրա»,-գրում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը։
Շրջանառվում է վարկած, ըստ որի՝ մեղադրանքներով և հետախուզում հայտարարելով՝ ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է Գուլիին պայմանավորվել համագործակցության շուրջ։