Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղում խորհրդային տարիներին սկսված, Հայաստանի անկախության տարիներին մեծ թափ ստացած արտագաղթի պատճառով գյուղում քիչ բնակիչ է մնացել:
Բարեկամավանից հայտնեցին, որ վերջին մեկ ամսում փոքրիկ գյուղի մոտ 20 բնակիչ Բարեկամավանից հեռացել է: Նրանք հիմնականում տարեց մարդիկ են, ովքեր ձմռանը գնացել են Հայաստանում և արտերկրում ապրող իրենց զավակների մոտ:
Բարեկամավանի բնակիչներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, ասաց, որ գյուղում մնացել են միայն դպրոցահասակ երեխաների ծնողները և նրանք, ովքեր հիմնական աշխատանք ունեն: Բարեկամավանում փողոցների գիշերային լուսավորություն չկա, գիշերները թաղերի սակավաթիվ տներում է լույս վառվում:
Բարեկամավանի բնակիչը Հայաստանի իշխանավորներին կոչ արեց. «Մի երեկո եկեք, Բարեկամավանի բարձունքից տեսեք սահմանամերձ, խավար, դատարկված գյուղը»: