Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում մեծ մասսայականություն է վայելում GetContact հավելվածը: Հավելվածը թույլ է տալիս գրել հեռախոսահամարը և տեսնել, թե ինչպես է ձեր համարը գրանցված այլ հեռախոսներում: Հնարավոր է տեսնել ցանկը, սակայն հնարավոր չէ տեսնել, թե ում հեռախոսում եք դուք գրանցված:
Հայաստանի՝ Անձնական տվյալների պաշպանության գործակալությունը նշում է, որ հավելվածը հնարավոր է դարձնում համարների նույնականացումը:
«Նշված հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։ Այսինքն, հավելվածը ներբեռնելով ձեր հեռախոսի հասցեագրքում՝ գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար՝ վտանգելով այլ անձանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:
Ուստի, խորհուրդ ենք տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի»,- նշում են գործակալությունում:
Եթե արդեն գրանցել եք հեռախոսահամարը հավելվածում, ապա կարող եք ջնջել այն հղումով:
Բացի ձեր հեռախոսահամարն այլ հեռախոսներում տեսնելուց, դուք կարող եք նաև պարզել, թե ում է պատկանում ձեզ զանգահարած անծանոթ համարը: Հավելվածի միջոցով կարող եք նաև արգելափակել որոշ համարներ:
Սիրարփի Աղաբաբյան