SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 19-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, Երևան քաղաքի Նորք-Մարաշ 2-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Երջանիկ Գրիգորյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է դեկտեմբերի 15-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի վրա գտնվող ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Գոռ Ալոյանին պատկանող CPS բենզալցակայանում 20-ամյա Լևոն Գաբրիելյանին հրազենային վնասվածք պատճառելու մեջ:
Եթե կասկածյալ Ե. Գրիգորյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմնին, ապա նա կտեղափոխվի Նուբարաշենի բանտ և քննիչը լրացուցիչ միջնորդություն կներկայացնի դատարան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Նորքի 2-րդ փողոցի բնակիչ՝ 28-ամյա Երջանիկ Գրիգորյանն է, ով վիճաբանության մեջ էր մտել բենզալցակայանի աշխատակցի հետ, այնուհետև իր մոտ պահվող դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակել էր Լ. Գաբրիելյանի ոտնաթաթին։ Կասկածյալը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հորեղբոր տղան է, իսկ նշված բենզալցակայանը պատկանում է Գոռ Ալոյանին, ով աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում։