– Սիրահարվել եմ ուրիշ տղամարդու, բայց ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա: Չհասկացա` ինչպես ստացվեց, բայց խենթի պես իրար սիրում ենք: Օգնեք` ինչ անել:
Պատասխանում է հոգեբան Քրիստինա Բաղդասարյանը:
– Հարգելի քաղաքացի, ձեր հարցի մեջ առկա առանցքային բաղադրիչներից մեկը` «չհասկացա` ինչպես ստացվեց» արտահայտությունն է, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, քանի որ տվյալ պարագայում այդ միտքը հանդես է գալիս որպես հոգեկանի յուրահատուկ պաշտպանական մեխանիզմ, որը ձեզ ինչ-որ առումով պաշտպանելով ավելորդ լարվածությունից եւ մի շարք այլ բացասական հոգեկան ապրումներից թույլ չի տալիս գնալ առկա խնդրի խորքերը, փորձել գտնել լուծման տարբերակներ եւ ընտրել դրանցից առավել նպատակահարմարը: Սովորաբար ամուսնական կյանքում նման խնդրի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել` ամուսնություն, որի հիմքում ի սկզբանե ընկած չի եղել սերը, ամուսնական հարաբերություններում առկա ճգնաժամը, ռոմանտիկայի պակասը եւ այլն:
Անչափ կարեւոր է գտնել ու վեր հանել այն պատճառը, որի հիման վրա առաջացել է նման իրավիճակ ձեզ մոտ: Փորձեք առանց գնահատականներ տալու վերլուծել եւ ամուսնու հետ հարաբերությունները, եւ նոր հարաբերությունները` հասկանալու, թե ինչպես եք ձեզ զգում եւ ինչ եք ստանում նոր հարաբերություններից: Շատ հաճախ նմանօրինակ իրավիճակում մենք փորձում ենք լցնել այն «դատարկ տարածությունը», որն առաջացել է հարաբերություններում կամ զգալ մեզ այնպիսին, ինչպիսին այլեւս ամուսնու հետ հարաբերություններում չենք: Այստեղ շատ կարեւոր է նաեւ տարբերել սերը սիրահարվածությունից:
Սերը կառուցվում է տարիների ընթացքում` հիմնվելով փոխադարձ վստահության, հարգանքի եւ հասկացման վրա, իսկ սիրահարվածությունն ուղղակի հորմոնալ երեւույթ է, կիրք: Խորքային եւ մանրամասն վերլուծություն կատարելուց հետո, երբ արդեն ձեզ համար պարզ են դարձել ձեր անհատական պատճառները, փորձեք գտնել. «ի˚նչ եմ ուզում անել հիմա» հարցադրաման հնարավոր տարբերակներն ու ընտրել այն տարբերակը, որն առավել ռացիոնալ փաստարկների վրա է հիմնված եւ համապատասխանում է ձեր բնույթին: