Հայաստանում վերջերս լայն տարածում է գտել «GetContact»անունով հավելվածը։ Առաջին հայացքից այն անվնաս և օգտակար ծրագիր է, որը թույլ է տալիս իդենտիֆիկացնել զանգահարողին, եթե անգամ տվյալ կոնտակտը ձեր հեռախոսում չկա։
Սակայն օգտատերերին գրավում է այս հավելվածի մեկ այլ հնարավորություն. այն թույլ է տալիս տեսնել, թե օգտատիրոջ բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել։
Սակայն սրա պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը, ինչը արդեն ռիսկեր է պարունակում։ ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սրա հետ կապված հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։
«Այսինքն, հավելվածը ներբեռնելով ձեր հեռախոսի հասցեագրքում գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար՝ վտանգելով այլ անձանց անձնական տվյալնեի պաշտպանության իրավունքը: Ուստի, խորհուրդ ենք տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։