
«Երեկ Նոյեմբերյան քաղաքում մասնակցեցի Զորական գյուղի բնակիչ, Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Գարիկ Մովսիսյանի եղբոր՝ Վոլոդիայի պսակադրության արարողությանը: Իմ և Մովսիսյանների ընտանիքների բարեկամությունը նոր շունչ ու ոգի ստացավ: Երջանկություն ու անսպառ սեր եմ մաղթում նորապսակներին՝ խաղաղ երկնքի տակ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ 2016 թ.-ի ապրիլի 30–ին հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորումից զոհվեց Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչ Գարիկ Մովսիսյանը:
Հերոսի ընտանիքը գտնվում էր սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում, բնակվում էր անմխիթար պայմաններում: Ժամանակին Գարիկի ընտանիքին այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ նոր տուն կկառուցի հերոսի ընտանիքի համար: Անմիջապես սկսվեց տան շինարարությունը, ֆինանսական խնդիրները Հովիկ Աբրահամյանը շարունակեց լուծել նաև իր հրաժարականից հետո:
Հովիկ Աբրահամյանը նաև պատրաստակամություն էր հայտնել, որ եթե հերոսի եղբայրն ամուսնանա, ինքը կդառնա հարսանիքի կնքահայրը։