Հասարակությունը նման է որբ երեխայի
Advertisement 1000 x 90

Հասարակությունը նման է որբ երեխայի

Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) կողմից բացասական տեղեկատվության հոսքը հոգեբանական լուրջ ազդեցություն է թողնում հասարակության յուրաքանչյուր անդամի վրա՝ անկախ մասնագիտությունից, տարիքից և սեռից: Կարծես, ամեն օր «սրտատրոփ» սպասում ենք հերթական սպանության, ինքնասպանության, արտակարգ պատահարների, անչափահասների բռնաբարությունների դեպքերի, ընդ որում՝ օրեցօր դաժանություններն ավելի կատաղի ու աներևակայելի դրսևորումներ են ստանում, ինչի հետևանքով մենք պարզապես կորցնում ենք մարդկային էության, բնորոշ զարմանքը՝ փոխարենը համակվելով ահագնացող վախով ու փոքր-ինչ դաժանությամբ: Իսկ որպես կանոն՝ մենք՝ լրագրողներս, երբեմն արձանագրելով փաստը, այդ պահին չենք էլ երևակայում, թե հոգեկան ի՞նչ հույզեր ենք առաջացրել ընթերցողի կամ հեռուստադիտողի մոտ: Այս մասին մենք զրուցեցինք հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ:

– Պարոն Գասպարյան, ԶԼՄ-ների բացասական բնույթի տեղեկատվության հոսքն ի՞նչ ազդեցություն կարող է գործել մարդու հոգեբանության վրա:

– ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, կարծես թե, հայտնվում են բացասական երևույթներն ու տպավորությունները, որոնք ավելի շատ են գայթակղում մեծ թվով մարդկանց: Համաձայն վերջին ուսումնասիրությունների` հնարավոր է մարդկանց հոգեբանական տրամվայի ենթարկել ԶԼՄ-ների միջոցով, և մենք կոնկրետ փաստեր ունենք: Հիշում եմ՝ տարիներ առաջ ՀՀ Խորհրդարանում տեղի ունեցած դեպքերից հետո (խոսքը հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին է.– Մ.Մ.) մեզ դիմեցին մարդիկ, ովքեր կամ որոնց ընտանիքները որևէ առնչություն չունեին Խորհրդարանի հետ: Նրանց մոտ տանգապային վիճակներ էին առաջացել, երբ լուրերի թողարկմամբ տեսել էին մարդկանց սպանությունը: Մյուս հատկանշական օրինակը տեղի ունեցավ «Արմավիայի» դեպքերի ժամանակ (խոսքը Երևան-Սոչի օդանավի դաժան ավիավթարի մասին է.– Մ.Մ). մենք ստեղծել էինք մեկամսյա հոգեբանական թեժ գիծ, որպեսզի օգնենք կորուստներ ունեցող ընտանիքներին: Որքան զարմանալի էր` առաջին օրը 4-5 հեռախոսազանգ ստացանք այդ ընտանիքներից, իսկ մնացած բոլոր հեռախոսազանգերը կատարել էին այն մարդիկ, ովքեր դիտել էին լուրերի թողարկումները, և նրանց մոտ հոգեբանական խնդիրներ էին առաջացել:

– Մենք՝ լրագրողներս, մեր մասնագիտությունից ելնելով` ներկայացնում ենք այդ դեպքերը՝ հաճախ առանց հաշվի առնելու հոգեբանական բացասական ազդեցության գործոնը: Այդ դեպքերին չանդրադառնալ հնարավոր չէ: Իսկ ինչպես գրել այնպիսի զգայուն թեմաների մասին, ինչպիսի՞ք են ինքնասպանության, սպանության, անչափահասների բռնաբարության կամ ավտովթարների դեպքերը: Ի դեպ, մեր տեղեկություններով` վերջերս ամերիկահայերը այնտեղ հեռարձակվող հեռուստաընկերություններից պահանջել են ԱՄՆ-ում այլևս չհեռարձակել «02» և այդ բնույթի հաղորդաշարերը: Հատկապես երեխաները տագնապային վիճակներում են հայտնվում նման հաղորդաշարեր նայելիս, որ հեռարձակվում են ամենաշատ դիտելիություն ունեցող` երեկոյան ժամերին:

– Հատկապես պետք է տարբերակել ինքնասպանության մասին լուրերը: Անգլիայում, ԱՄՆ-ում կատարված մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հնարավոր է մարդկանց մոտ առաջացնել նման խնդիրներ, եթե մենք շատ խոսենք այդ մասին: Այսինքն՝ այն մարդուն, որ գտնվում է անելանելի վիճակում և լսում է, որ ևս մեկ հոգի ինքնասպան եղավ, հնարավոր է` այդ լուրով առաջարկում ենք շաբլոն տարբերակ: Եթե մարդն անելանելի վիճակում է և մտածում է, որ չապրելն ավելի լավ է, մեռնելը` նախընտրելի, ապա ինքնասպանության մասին լուրը կարող է կյանքին հրաժեշտ տալու ցանկություն առաջացնել:

– Մեզանում այս օրերին ամենացավոտ թեմաներից մեկը բանակում կատարվող ինքնասպանությունների կամ սպանությունների դեպքերն են: Վերջերս ինձ ծանոթ զինվորներից մեկի մայրը հուզված նշեց, թե ամեն օր վախով և տագնապով է հետևում լուրերին: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել՝ չգրե՞լ, թույլ տալ, որ հանցագործությունները շարունակեն ստվերո՞ւմ մնալ, թե՞ գրել՝ ցավ պատճառելով զինվորների ծնողներին:

– Կարծում եմ՝ մասնավոր հարցերի և երեկոյան ուշ թողարկումների ժամանակ օգտակար է խոսել այդ խնդիրների մասին, և խնդիրները չեն լուծվում հասարակությունից թաքցնելով: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ընտանիքի անդամները միասին են ապրում, և երեխան հաճախ չի ունենում իր առանձին սենյակը, այդ լուրերի թափանցելիությունը դեպի նոր սերունդն ավելորդ տագնապայնություն է առաջացնում բանակի նկատմամբ: Ի վերջո, որքան էլ ձևացնենք, թե 20-ամյա մեր անկախությունը պետք է պաշտպանենք բանակով, մեր բանակը 20 տարեկան է, դրանք գուցե հայրենասիրական գեղեցիկ պոստուլատներ են: Երբ հարցը վերաբերում է կոնկրետ ընտանիքին, որտեղից ինչ-որ մեկը պետք է ծառայության անցնի, տագնապային վախի դրսևորումներ են առաջանում: Ինչպես դպրոցը, այնպես էլ բանակը հասարակության մեջ առկա արատավոր բոլոր երևույթների խտացված տեսակն է: Եվ մեր բանակի մեջ տեսնում ենք, թե ինչպես են հրամանները վերևից ներքև իջնում, իսկ հետադարձ կապ կարծես չկա, և կարևոր չէ, թե ինչպես են իրենց զգում, այսպես ասած՝ «ներքևում» ապրողները: Նույնը կատարվում է հասարակության մեջ: Իշխանությունը կազմակերպում է ձեռնարկներ, որոնք, թվում է՝ հօգուտ հասարակությանն են, մինչդեռ դրանք ուղղված են փոքր թվով մարդկանց: Ամփոփելով միտքս՝ կարող եմ նշել, որ հատուկ մամուլ կարելի է ստեղծել, ենթադրենք` զինվորական պարբերականներ կամ սոցիալական հարցերով զբաղվող հաղորդումներ, որոնց թողարկման ժամերը մատչելի չլինեն երեխաների համար: Այդ դեպքում միգուցե ավելի մեծ հաջողություններ արձանագրենք բանակում: Մի զորամասում տեղի ունեցած դժգոհությունը կարող է տպավորություն ստեղծել, որ ամեն օր բանակի բոլոր զորամասերում նման դեպքեր են կատարվում: Իսկ այդ ձևով մենք դժվարացնում ենք նաև մեր կյանքը, հեղինակազրկում բանակը, և ի վերջո, խարխլում պետության հիմքերը:

– Բայցևայնպես, այդ բոլոր բացասական երևույթները կատարվում են մեր շուրջ: Դա մեր իրականությունն է:

– Հայաստանյան ԶԼՄ-ները, կարծես, չեն կենտրոնանում դրական երևույթների վրա, լուրերը դարձնում են բացասական էմոցիաների աղբյուր, ինչը հետագայում մենք իրար ենք բաժանում հասարակության մեջ: Նույն խնդիրը նաև հեռուստասերիալների դեպքում է, որտեղ երբեմն այնպիսի գռեհիկ դրսևորումներ կան: Մի կողմից` նախկին հասարակարգում մենք խուսափում էինք գրաքննությունից՝ գտնելով, որ այն սահմանափակում է ժողովրդավարությունը և այլն, այնինչ այսօր հոգեբանական գրաքննության ձևավորման հարց է ծագում, որպեսզի հասարակությունը գոնե զերծ լինի բացասական հույզերից: Իսկ հեռուստաընկերությունները, կարծես, խնդիր են դրել իրար չխանգարելու՝ լուրերի թողարկման ժամերը հաջորդում են իրար: Ամերիկայում կամ եվրոպայում կան լուրերի հեռուստաալիքներ, և քաղաքականությամբ հետաքրքրվողները հետևում են դրանց: Լրատվամիջոցները նաև որոշակի խարանի ստեղծողներ են: Խարանն այն ստիգման է, որն առաջանում է հոգեկան հիվանդությունների, բանակում կատարված դեպքերի, ինքնասպանությունների և այլ նյութերի հետևանքով: Ամեն օր հիվանդանոցներում բազմաթիվ երեխաներ են բուժվում, որոնց մասին չեն գրում, այնինչ բժշկի սխալի հետևանքով մահացած երեխայի մասին անմիջապես գրվում է: Ընդ որում՝ շատ հաճախ այդպես էլ չեն մեկնաբանում դեպքի դրդապատճառները:

– Այնուամենայնիվ, տպավորություն է, թե երկրում մի տեսակ պրկված, նյարդային վիճակ է: Հաճախ դա պայմանավորում են սոցիալական վատ պայմաններով: Ի՞նչ ազդեցություն ունի սոցիալական գործոնը մարդու հոգեկան վիճակի վրա:

– Սոցիալական գործոնը կարևոր, բայց միակ գործոնը չէ, որպեսզի մարդն իրեն երջանիկ զգա: Շատ դեպքերում սոցիալապես ապահովված մարդիկ չեն գտնում հոգեկան ապահովություն, և հայտնվում են կասկածամտության ճիրաններում, անպաշտպանության զգացումներ են ունենում և այլն: Հասարակության մեջ առկա է ապագայի անորոշության խնդիրը: Տևական ժամանակ է՝ ԶԼՄ-ները խոսում են արտագաղթի և հնարավոր նոր արտահոսքի մասին: Կարծում եմ՝ այդ մարդիկ իրենց ապագայի երաշխիքները չստանալով Հայաստանում` ապագայի հեռանկարները փնտրում են արտերկրում: Նաև նրանք, ովքեր հոգեբանորեն անպաշտպանության, ապագայի անկանխատեսելիության ապրումի մեջ են: Գիտեք՝ կոմունիզմի, թերևս, ամենամեծ հաղթանակներից մեկը ապահովության իլյուզիայի, պատրանքի ստեղծումն էր: Իհարկե, ասածս չի նշանակում, թե կոմունիզմը լավագույն հասարակարգն էր աշխարհում, ավելին՝ ինքս դեմ եմ կոմունիզմի մի շարք դրույթների, բայց այսօր մենք՝ իբրև ազատական փիլիսոփայության հետևորդներ, կորցնում ենք ազգային կարևոր խնդիրներ, քանի որ համաշխարհայնացումը կլանում է նաև մեզ: Մյուս կողմից՝ մենք կորցնում ենք նաև հոգեբանական և սոցիալական պաշտպանվածության զգացումները, իսկ դրանք այնպիսի գործոններ են, որոնք կարող են մարդուն հասցնել վատթարագույնին՝ հոգեկան խանգարումների:

– Իսկ ի՞նչ անել, ինչպե՞ս աշխատել, որպեսզի լրագրողը հնարավորին չափ նվազագույն բացասական հույզեր պատճառի նշյալ թեմաներին անդրադառնալիս:

– Հստակ բաժանել ոլորտները՝ մշակույթ, քաղաքականություն…

– Բայց ոլորտների այդ բաժանումն արդեն իսկ կա:

– Իհարկե, բայց մշակույթի մասին գրվում է թերթի վերջին էջում: Նույնն է նաև Ձեր թերթի պարագայում, այո՞: Մենք պետք է չկորցնենք համամասնությունը: Տարիներ առաջ մշտապես կարդում էի որոշակի թերթեր, բայց հետո հասկացա, որ դա պարզապես ավելորդ տեղեկատվություն է, որ կարող է ծանրաբեռնել մեզ: Այսօր ընդհանրապես թերթ չեմ կարդում: Սա էլ մյուս ծայրահեղությունն է (ժպտում է.- Մ.Մ.): Որպես կանոն՝ թերթերի պատվիրատուներն ունեն իրենց շահերը, որտեղ առաջանայինը կուսակցության, իշխանատենչության, նյութապաշտության հարցերն են, և, կարծես, չկա հասարակության շահը: Հասարակությունը նման է որբ երեխայի: Ամեն դեպքում պետությունը պետք է ստեղծի կոմունիստական կարգերի պաշտպանվածության պատրանքը:

– Իսկ ի՞նչ անի հասարակությունը` սպասի` մինչև այդ պատրանքը կստեղծե՞ն:

– Յուրաքանչյուր ոք պետք է գտնի իր դրական հույզերի լիցքավորման աղբյուրը: Դա կարող է լինել արվետը, սպորտը, ընտանիքը և այլն: Ժամանակ առ ժամանակ մենք պետք է չմոռանանք դա անել, այնպես, ինչպես չենք մոռանում հեռախոսը լիցքավորել: Մենք բոլորս դրական լիցքերի կարիք ունենք, իսկ հոգեկան առողջության համար իրական լավատեսությունն անհրաժեշտ է, այլապես վատատես մարդու բացասական սպասելիքներն արդարանում են: Հասարակությունը ոչ թե պետք է սպասի, թե նոր նախարարություն կբացվի, որտեղ իրենց խնդիրները լուծում կստանան և այլն, այլ հասցնի ստեղծել այն ամենը, ինչը կգեղեցկացնի իր կյանքը: Ի վերջո, կյանքը շատ արագ է անցնում: Իսկ լուրերը պետք է լինեն հավասարակշռված: Նկատի չունեմ, թե բացասական լուրերը պետք է չասել: Մեր լրատվական դաշտը հիմնականում կենտրոնացել է բացասական հույզեր առաջացնող լուրերի վրա: Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի Հայաստանի ԶԼՄ-ները վերանայեն դաշտը՝ հավասարապես լուսաբանելով բացասական և դրական հույզերով երևույթները: Խնդիրը նաև մյուս ծայրահեղությանը չհանգելն է՝ ցույց տալով, թե երկրի գյուղատնտեսությունը կամ տնտեսությունն ինչպիսի արագ տեմպերով է զարգանում: Սա ևս ծայրահեղություն է:

Մարինե Մարտիրոսյան

168.am

Դեկտեմբեր 10, 2011