
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սևան քաղաքում ռումբ է դրել և այն շուտով կպայթի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սևանի բաժին։ Ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ կատարելով օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքներ՝ պարզել են ահազանգի հեղինակին. նա Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սևակ Սարիբեկյանն է, ում մոտ հայտնաբերվել է նաև այն հեռախոսահամարը, որը նա շահագործել է և ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել։ Ս. Սարիբեկյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածությունը եղել է 1.1 %։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: