Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին առնչվող «Երևան Սիթի»-ն մոլորեցնում է սպառողին. Որտե՞ղ է ՏՄՊՊՀ-ն. aysor.am
Advertisement 1000 x 90

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին առնչվող «Երևան Սիթի»-ն մոլորեցնում է սպառողին. Որտե՞ղ է ՏՄՊՊՀ-ն. aysor.am

Օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում սպառողները «Երևան սիթի» խանութների ցանցում կեղծ զեղչի մասին են բարձրաձայնել, որը շատերը որակեցին խաբեություն: Բանն այն է, որ այդ սուպերմարկետների տարբեր ցանցերում ապրանքների վրա նշվում է սովորականից բարձր գինը ու նշվում զեղչված գինը: Սակայն մարքեթինգային անփութությունից պարզվում է, որ տվյալ ապրանքի զեղչված գինը իրականում նախկին գինն է և արդյունքում գնորդների մոտ խոշոր զեղչի տպավորություն է ստեղծվում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ այդ խանութների ցանցում մոլորեցնում են սպառողներին:

«Հայաստանում զեղչը կարգավորվում է բացառապես Հարկային օրենսգրքի այն դրույթով, որ եթե տնտեսվարողը փոխում է գինը, ապա այդ մասին պետք է տեղեկացնի հարկային մարմնին: Նախատոնական այս օրերին, երբ ամանորյա եռուզեռը հասնում է գագաթնակետին, տնտեսվարողների մոտ առաջանում է սպառողին գայթակղելու, իր կողմը գրավելու ցանկություն, հետևաբար նման երևույթներ կարող են լինել», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով, այս օրերին Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը պետք է ուսումնասիրի դաշտը, կատարի շրջայցեր ու հայտնաբերի խախտումները:

«Այս օրերին մրցակցային պաշտպանության մարմինը պետք է մի կողմից պաշտպանի սպառողներին, մյուս կողմից կատարի ուսումնասիրություններ, բացահայտնի խախտումները: Մենք խնդիր ունենք ամենօրյա ռեժիմում արգելել ու նվազեցնել ռիսկերը: եթե տարվա ընթացքում նրանք նախընտրում են կաբինետային աշխատանք, թղթաբանություններ, ապա այս օրերին պետք է մոռանալ դա ու սկսել գործել, լինել ցանցում, կանխել այդ խախտումենրը, քանի որ քաղաքացին մոլորության մեջ է հայտնվում», – ասաց Բ.Պիպոյանը:

Նկատենք, որ սոցիալական ցանցում քաղաքացիների դժգոհությունը հիմնականում «Երևան սիթի» խանութների ցանցում կատարվածի մասին է:

Aysor.am-ը փորձեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ, սակայն խոսնակի հեռախոսահամարն անհասանելի էր:

aysor.am