Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության բարելավմանն ուղղված ակտիվ միջոցառումները: Այսուհետ խաչմերուկների տեսախցիկները ոչ միայն ճանապարհատրասպորտային կանոնների իրավախախտումներ կֆիքսեն, այլև կունենան ճանապարհներին խցանումների վերացմանն օժանդակելու գործառույթ:
ՃՈ պետ Եգոր Կարապետյանը նշել է, որ Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքներով ներկայացվել են մի շարք առաջարկություններ Երևան քաղաքի խաչմերուկներում որոշակի ժամերին խցանումները նվազեցնելու ուղղությամբ:
«Խնդրի լուծման նպատակով Երևան քաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների միջոցով օնլայն կարգով կարող են հետևել երթևեկությանը խաչմերուկներում և հարկ եղած դեպքում միջամտել ռեժիմի աշխատաքներին»,- ասել է Կարապետյանը:
«Սեքյուրիթի դրիմ» ԽԱԿ ղեկավար Արսեն Ղազարյանի խոսքով` նախապես հաշվարկվում է, թե պիկ ժամին մոտավորապես քանի մեքենաներ են անցնում խաչմերուկով, ինչպես նաև առավելագույն անցունակությունը ապահովվող լուսացույցի տևողությունները, որից հետո տվյալ ռեժիմը պիկ ժամերին միացվում է:
«Ռեժիմը միացնելուց զատ նաև հետևում ենք փաստացի հոսքերին և, եթե կան խնդիրներ, համապատասխանաբար լուսացույցի թույլատրվող ազդանշանը երկարացնում ենք կամ նվազեցնում»,- նշել է Ղազարյանը:
Համակարգը կիրառվել է Ազատության-Մամիկոնյանց, Ազատության-Նիկողայոս Ադոնցի, Ազատության-Թբիլիսյան փողոցների խաչմերուկներում: