ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան այսօր աճուրդում վաճառվեց՝ 5 միլիոն 500 հազար դրամով: Նախկին աճուրդների ժամանակ հայտեր չէին ներկայացվում: Այս անգամ էլ ընդամենը 1 հայտ է ներկայացվել:
Այս մասին Aravot.am-ին ասացին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահին սպասարկածը 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի մեքենա է: Սրա մեկնարկային գինը եղել է 17 միլիոն դրամ: Եվ ըստ օրենքի, եթե աճուրդում հայտ չի ներկայացվում և գնորդ չի լինում, ապա աճուրդի հանված ապրանքի գինը նվազեցվում է:
Ըստ այդմ, այս ավտոմեքենայի գինը 17 միլիոնից նվազեցվել էր 10 միլիոն 880 հազար դրամ, ապա նոյեմբերի 27-ին` 8 միլիոն 704 հազար դրամ, իսկ այսօր այն իջեցվեց 5.5 միլիոն դրամի: Թե ով է ՀՀ առաջին նախագահի մեքենայի գնորդը, պետգույքի վարչությունից վստահեցրին, որ իրավունք չունեն այդ մասին հայտարարել: