«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:
Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել, որը «Իսլամական պետության» անդամ է:
Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից և փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, և ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը հետ է ուղարկվել Թուրքիա:
Դեպքի առնչությամբ մենք փորձել ենք «Զվարթնոց» օդանավակայանի մեր աղբյուրներից ճշտել մանրամասները, սակայն չկարողացանք տեղեկություն ստանալ, և մեզ խորհուրդ տվեցին դիմել համապատասխան պատկան մարմիններին: Կատարվածի առնչությամբ մանրամասներ ստանալու համար դիմել ենք ԱԱԾ, սակայն դեռևս պատասխան չենք ստացել: