Շենգավիթի նոտարը դատապարտվեց երկրորդ անգամ
Advertisement 1000 x 90

Շենգավիթի նոտարը դատապարտվեց երկրորդ անգամ

Առանձնապես խոշոր չափով գումարի յուրացման մեջ մեղադրվող «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանը դատապարտվեց 5 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Եվ քանի որ նոտարը մեկ այլ գործով նախկինում ևս դատապարտվել էր՝ կրկին առանձնապես խոշոր չափով գումարի յուրացման մեղադրանքով` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.05.2017թ. դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 1 տարի 3 ամիս ազատազրկման ժամկետը. Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում:

Այսպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ մեղադրանքի՝ Վահագն Գրիգորյանը պաշտոնական դիրքի օգտագործմամբ 2014թ. մարտից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` 85.863.360 ՀՀ դրամ գումար:

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործը քննվել է արագացված ընթացակարգով՝ ամբաստանյալը ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Նշենք նաև, որ դատարանը բավարարել է քաղաքացիական հայցվոր «Արդշին բանկ» ՓԲ ընկերության քաղաքացիական հայցը և ամբաստանյալ Վահագն Գրիգորյանից հօգուտ «Արդշին բանկ» ՓԲ ընկերության կբռնագանձվի 85.863.360 ՀՀ դրամ գումար՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։

Հիշեցնենք, որ նախորդ գործով էլ Գրիգորյանը յուրացման եղանակով հափշտակել էր իրեն վստահված և Մարի Մախայներին ու Միխայել Մեսյանին պատկանող 64.000 ԱՄՆ դոլարը:
Դատարանը բավարարել էր տուժողների քաղհայցը, նոտարից հօգուտ Մարի Մախայների և Միխայիլ Մեսյանի կբռնագանձվի 30.396.160 ՀՀ դրամ գումար, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: