Գաղափարները «վնասազերծվում» են միայն գաղափարներով
Օնորե դը Բալզակ
Որպես կանոն, յուրաքանչյուր մարդ, ժամանակի և սոցիալականացման ընթացքում, կերտում է իր աշխարհայացքը: Աշխարհայացքը կյանքի այն մոտեցումն ու որակն է, ինչը հնարավորություն է տալիս անձին դրսևորվել, ապրել, մտածել և հարաբերվել: Աշխարհայացքի բովանդակությունից է կախված, թե որքան հարթ, ներդաշնակ, երջանիկ և հաջողակ կանցնի կյանքի ընթացքը: Գոյություն ունեն հոգեկան և վարքային մեխանիզմներ՝ մշակված հոգեբանների կողմից, որոնք հնարավորություն են տալիս վերանայելու սեփական տեսակետները, կարծրատիպերը, դիրքորոշումները և, վերջապես, աշխարհայացքը՝ ուղղված կյանքին: Այդ մեխանիզմները ձեռք են բերել կյանքի օբյեկտիվ ընկալմանն ուղղված «կանոններ» անվանումը, որոնք թվով յոթն են:
- Հայելու կանոն
Շրջապատող մարդիկ վարքն արտացոլող հայելիներ են: Նրանք արտացոլում են անձի սեփական անհատական առանձնահատկությունները, որոնք հաճախ չեն գիտակցվում հենց անձի կողմից: Օրինակ, եթե որևէ մեկն անընդհատ ձեզ ստում է, ապա նա համոզված է, որ դուք նրան կհավատաք, դուք դա թույլ եք տալիս Ձեր իսկ պահվածքով և վերաբերմունքով: Հետևաբար՝ ինչ-որ մեկին մեղադրելն անիմաստ է:
- Ընտրություն կատարելու կանոն
Առաջանում է գիտակցում, որ անձի հետ կատարվող ամեն բան նրա սեփական ընտրության արդյունքն է: Եվ եթե դուք շփվում եք ձանձրալի զրուցակցի հետ, արդյո՞ք դուք էլ նրա նման չեք: Առհասարակ, չկան չար և վատ մարդիկ, կան դժբախտներ: Եվ, եթե դուք ծանրաբեռնում եք ձեզ նրանց խնդիրներով, նշանակում է՝ դա ձեզ դուր է գալիս: Ամեն ոք ինքն է պատճառն այն ամենի, ինչ կատարվում է իր հետ:
- Սխալվելու կանոն
Համաձայնել այն բանի հետ, որ կարող եք սխալվել: Միշտ չէ, որ անձի կարծիքը կամ գործողություններն ուրիշները պետք է ընդունեն՝ որպես բացարձակ ճիշտ, քանի որ իրական աշխարհը կազմված չէ միայն սևից և սպիտակից: Այն բազմերանգ է: Պետք է հիշել, որ իդեալական մարդիկ գոյություն չունեն, և բոլորն էլ սխալական են: Կարևորը՝ կարողանալ ճիշտ ժամանակին ընդունել սեփական սխալը և ուղղել այն:
- Համապատասխանության կանոն
Սա այն դեպքն է, երբ անձն ունի այն ձեռքբերումները, որոնց նա համապատասխանում է: Սա վերաբերում է թե՛ մարդկանց հետ հարաբերություններին, թե՛ աշխատանքին, և թե՛ ֆինանսական միջոցներին: Եթե անձը չի կարող որևէ մեկին սիրել ամբողջ սրտով, ապա չպետք է ակնկալի, որ իրեն կսիրեն նույն կերպ: Բոլոր նման ակնկալիքներն ու պահանջներն անհիմն են: Ավելին ստանալու համար պետք է փոխվել, որից հետո շրջապատն էլ կհամապատասխանի նոր ԵՍ-ին:
- Կախվածության կանոն
Ոչ ոք դիմացինին պարտական չէ: Մարդ կարող է անհատույց օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն իր օգնության կարիքը: Որպեսզի դառնա ավելի բարի, պետք է լինի ուժեղ, իսկ ուժեղ լինելու համար պետք է հավատա, որ ի զորու է ամեն ինչի: Բայց ուրիշներին օգնելու մեծ ցանկության հետ մեկտեղ՝ պետք է կարողանա ճիշտ ժամանակին ասել՝ ՈՉ:
- Ներկայության կանոն
Որպես կանոն՝ մենք ապրում ենք այստեղ և հիմա: Անցյալը գոյություն չունի, քանի որ ամեն հաջորդ վայրկյանն իր հետ բերում է ներկան, իսկ ապագան գոյություն չունի, քանի որ այն ներկայում չէ: Անցյալի հետ կապվածությունը հանգեցնում է դեպրեսիայի, ապագայի հանդեպ մտահոգություններն էլ՝ նորանոր անհանգստությունների: Քանի դեռ անձն ապրում է ներկայում, նա իրական է, հետևաբար՝ դա երջանիկ լինելու իսկական պատճառ է:
- Օպտիմիզմի կանոն
Մինչ մենք զբաղված ենք կյանքի փնովմամբ, այն աննկատ անցնում է: Պետք է լիարժեք վայելել կյանքը, որովհետև ունենք աչքեր, որոնք տեսնում են, ականջներ, որոնք լսում են, և սիրտ, որը բաբախում է: Մենք քայլում ենք արևի տակ, վայելում զով քամու բերկրանքը, հետևաբար՝ ապրում ենք: Եթե մենք կլանված ենք հեռուստացույցով կամ ընկղմված ենք համակարգչի մեջ, մենք չենք ապրում մեր կյանքով: Դա արդեն լրիվ այլ աշխարհ է, իրականությունից զատ՝ հորինված աշխարհ:
Այս կանոնները, իրականում, այն իրականությունն են մատնանշում, որը բոլորիս հայտնի է: Սակայն անձնային ներքին պահանջները՝ ուղղված հասարակությանը, մարդուն ստիպում է կամ գերագնահատել սեփական հնարավորություններն ու կարգավիճակը, կամ, ընդհակառակը՝ թերագնահատել ինքն իրեն: Այս երկու մոտեցումներում էլ բացակայում է առողջ իրականությունն ու օբյեկտիվությունը: Անհրաժեշտ է կոփել իրականությունը զգալու և գնահատելու ունակությունը, և ապրել առանց ինքնախաբեության՝ վերանայելով սեփական աշխարհայացքը և սկզբունքները:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան