Մխիթարյանը «լողաց», Ջիգարխանյանը ձանձրացրեց. ինչ են փնտրում հայերը համացանցում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը «լողաց», Ջիգարխանյանը ձանձրացրեց. ինչ են փնտրում հայերը համացանցում. armeniasputnik.am

Քանի որ Հայաստանում տարվա գլխավոր բառեր չեն որոնում, ես փորձել եմ ինքնուրույն գտնել դրանք։ Նշում եմ` «Մխիթարյան», «Ջիգարխանյան», «Բաքու»։ Հավանաբար կան նաև այլ բառեր, դրանք առաջարկելը դեռ ուշ չէ, բայց թող սկզբից յուրաքանչյուրն իր համար գտնի այդ բառերը։

Իմ պրպտումների մեջ առաջին տեղը «Մխիթարյան» բառն է։ Հարկ չկա բացատրել` ինչու, բայց նրբություն կա։ Բանն այն է, որ Հենրիխին, որը մեր ամեն ինչն է, նեղացրել է Ժոզե Մարիու դուշ Սանտուշ Մոուրինյո Ֆելիշը։ Մենք Ժոզեին նույնպես սիրում էինք, որովհետև նա գովում էր Հենրիխին և աջակցում, բայց երբ նա բառացիորեն որոշեց վաճառել մեր սիրելիին, ապա ինչպիսի վերաբերմունք կարող է լինել նման խուճուճ ազգանունով մարդու հանդեպ։

Թեև մարզիչը, հնարավոր է, ինչ-որ տեղ ճիշտ է։ Հենրիխը վերջին շրջանում զիջել է դիրքերը և ասես «ջուրը տարել» է նրան (նման բան եղել է նույնիսկ Պելեի հետ), բայց մենք չենք կարող օբյեկտիվ հայացք ունենալ Հենրիխի` Համլետի որդու, Հայաստանի հավաքականի ավագի նկատմամբ։ Լավ է, թե վատ, այլ հարց է, բայց այդպես է։

Ինչպե՞ս են հայերը վերաբերվում Հենրիխին։ Որպես որդու, եղբոր, ընկերոջ, փեսացուի, կուռքի. ամեն մեկը յուրովի է վերաբերվում ֆուտբոլային աստղին։

Ահա այս ամառ մեր որդին, եղբայրը, ընկերը, կուռքը և փեսացուն հաղորդավարուհի, գեղեցկուհի և ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրևայի հետ եկել էր Երևան։ Նրանք զբոսնում էին քաղաքում, լուսանկարվում, հարցազրույց տալիս։ Յուրաքանչյուրը (եղբայր, ընկեր, պոտենցիալ հարսնացու) զույգին յուրովի էր գնահատում (բարյացակամորեն, հետաքրքրությամբ, խանդով), իսկ ահա ես և իմ սերնդի մարդիկ` զգուշությամբ։ Ինչու՞։

Հենրիխն իր գլուխն ունի ուսերի վրա, մայրն էլ նրա կողքին է։ Բայց պայմանականորեն ասած` կան ուրիշ հարյուր հազարավոր այլ մայրիկներ, հայրիկներ, տատիկներ և պապիկներ` «յան» ազգանուններով, որոնք վախենում են, որ հանկարծ Հենրիխին գլխահան չանեն կյանքի ընկերուհու ընտրության հարցում, որովհետև մարդիկ ուզում են Հենրիխի կողքին հայ Ջուլիետտայի տեսնել։ Կարելի է հասկանալ։

Հիմա հաշվենք, թե այս կարճ պարբերության չորս նախադասություններում քանի անգամ է հանդիպել «Հենրիխ Մխիթարյան» անուն-ազգանունը։ Ավելացրեք ստացված արդյունքը ԶԼՄ-ների անվերջ հիշատակումներին (էլ չասենք առօրյա զրույցների մասին), և ահա ձեզ անցնող տարվա գլխավոր բառը։ Ավելի ճիշտ` հնարավորներից մեկը։

Որովհետև հետո հավանաբար կգա «Ջիգարխանյան» բառը` նրա տխրահռչակ ընտանեկան ասքով։ Միաժամանակ, եթե բաց թողնենք ակտիվորեն քննարկվող ինտիմ մանրամասները` արտիստին մենակ թողնելով իր հիանալի արվեստի հետ, ապա «Ջիգարխանյան» ազգանունը` որպես տարվա բառ, ավելի քան հերիք էր։ Բայց մենք ունենք այն, ինչ ունենք. գլխավոր բառն արդեն հասցրել է ձանձրացնել։

Հետո ըստ ինտենսիվության գալիս է «կոռուպցիա» բառը։ Այս դեպքում նրբությունն այն է, որ գործընթացը երեկ չի սկսվել և ոչ էլ վաղը կավարտվի։ Հայաստանում, ոչ Հայաստանում. ամենուրեք։ Փորձանք, որից ոչ ոք պաշտպանված չէ։ Ինչպես ասում էր Ֆրանսիայի ամենաչար ծաղրածու Միշել Կոլյուշը, «ձեզ պետք է հայտնի լինի` քաղաքական գործիչները և լրագրողները չեն վաճառվում. չնայած` դուք գինը չեք նշել»։

Հասկանալի է, որ անցնող տարվա ամենահաճախ օգտագործված բառերն ավելի շատ են, քան այս երեքը, միաժամանակ հասարակությունը նորանոր բառերի կարիք ունի։ Բայց Բառը պետք է գրվի մեծատառով, որովհետև ի սկզբանե բանն էր։ Անունը նույնպես, բայց ոչ միայն ուղղագրության կանոնների համաձայն, այլ ըստ էության։

Առջևում ոչ նահանջ տարվա 365 օրերն է։ Դեռ կարելի է հասցնել, բայց պետք է շտապել։

… Հարավային Կորեայի խոշորագույն ընկերությունների սեփականատեր Շին Դոնգ Բինը հաջորդ տարվա սկզբին պատրաստվում է տեղափոխվել նոր բնակարան իրեն պատկանող «Lotte» հյուրանոցում։ Նրան հարցրել են` ինչու՞։ Միլիոնատերը պատասխանել է. «Աշխատանքի գնալիս և հետո տուն վերադառնալիս ժամանակն իզուր է ծախսվում։ Տեղափոխվելով` ես այդ ժամանակը կկրճատեմ 20 վայրկյանով»։

Շնորհավոր գալիք Ամանոր, սիրելի հայեր։

Սերգեյ Բաբլումյան

armeniasputnik.am



Նման նյութեր