Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 48-ամյա տղամարդն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից։ Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն։ Ըստ գործի նյութերի՝ դեպքի օրը Գեղարքունիքի մարզի բնակիչն իրենց տան ննջասենյակում ավտոմեքենայի ընթացամասերի վերանորոգման համար նախատեսված բանալիով իր կնոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով կինը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում, առաջադրված մեղադրանքում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրն ինքը և իր հանգուցյալ կինը միասին պառկած են եղել իրենց բնակարանի ննջասենյակում: Ինքը ննջասենյակից իջել է իրենց բնակարանի նկուղ, այդտեղից վերցրել է իրեն պատկանող ավտոմեքենայի ընթացամասերի համար նախատեսված «կլյուչը», վերադարձել է ննջասենյակ, որտեղ կինը պառկած է եղել անկողնում և իր աջ ձեռքում եղած «կլյուչով» հարվածել է կնոջ գլխին, ու թե դրանից հետո քանի հարված է հասցրել գլխին՝ չի հիշում: Այդ պահին տանը եղել է միայն իր հարսը, ով քնած է եղել իրենց ննջասենյակի կողքին գտնվող ննջասենյակում, սակայն դեպքից տեղյակ չի եղել, չի միջամտել։
Ըստ դատական ակտի՝ ամուսինների որդին ցուցմունք է տվել, որ մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Ծովասար գյուղի բնակարանում բնակվել են իր կինը և ծնողները։ Դեպքի օրը հայրն իր բջջային հեռախոսահամարով զանգահարել է իրեն և ասել՝ «ես իմ արածը արեցի», սակայն չի ասել, թե ինչ է արել: Քիչ անց նորից է հայրը զանգահարել է իրեն ասել, որ ինքն իր արածը արել է, ցանկացել է նաև բնակարանը հրկիզել, սակայն խղճացել է հարսին և չի հրկիզել: Եղբոր հետ վերադարձել է գյուղ և տեղեկացել, որ հայրն իրենց բնակարանի նկուղից վերցրել է ավտոմեքենայի վերանորոգման համար նախատեսված «կլյուչը», մտել ննջասենյակ և անկողնում պառկած վիճակում բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր գլխին, ինչի հետևանքով մայրը մահացել է: Նշել է, որ հայրը տառապել է հոգեկան հիվանդությամբ և խանդի պատճառով միշտ անհարկի վիճաբանել է մոր հետ, հաճախակի ծեծել նրան։
Համաձայն ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության` տղամարդը ճանաչվել է անմեղսունակ: Իրավախախտումը կատարելիս նա գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք:
Իր ներկա հոգեկան վիճակով նա բարձր սոցիալական վտանգ է ներկայացնում ինչպես՝ իր, այնպես էլ՝ շրջապատի համար, չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, ուստի կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: