Դեկտեմբերի 28-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Արամայիս Գ.-ն և խոստովանել, որ դեկտեմբերի 25-ին Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի բակում ինքն էր պայթուցիկի նմանվող առարկա դրել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Իսկ թե ինչու էր 42-ամյա տղամարդը նման քայլի դիմել և ինչ նպատակ էր հետապնդել, ոստիկանությունը չի հստակեցնում` հայտնելով, որ քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի բակում` եղևնու տակ, կասկածելի արկղ կա:
Դեպքի վայր է մեկնած խումբը անվտանգ վայր էր տեղափոխել արկղն ու բացել:
Արկղի մեջ հայտնաբերվել էր 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի:
Հայտնաբերվածը ներկայացվել է փորձաքննության։