Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ ՊՆ զորամասերից մեկի պահեստի պետը դատապարտվել է՝ սնունդ հափշտակելու մեղադրանքով։
Նախաքննության ընթացքում պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, զինծառայողներին հասանելիք սննդամթերքը սահմանված նորմերին համապատասխան չափաբաժիններից պակաս չափով ճաշարանին հատկացնելու ճանապարհով ավելացրել է և յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված ՊՆ կարիքների համար նախատեսված զգալի չափի՝ ընդհանուր 207.486 դրամ արժողությամբ սննդամթերք, մասնավորապես՝ 60կգ տավարի բուդ՝ 3 կտորից, 80 հատ՝ 40կգ մսի պահածո, 30 շիշ՝ 27,3կգ արևածաղկի ձեթ և 6 հատ՝ 6,18 կգ տոմատի մածուկ, որոնք տեղավորել է իր քրոջ որդու ավտոմեքենայի մեջ, ապօրինի դուրս բերել զորամասի տարածքից ու տեղափոխել։
Ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն՝ ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ նշված սննդամթերքը իր մոտ կուտակվել էր՝ որպես ավելցուկ, իր համար անհասկանալի պատճառներով, և ոչ ոքի դրա մասին չի զեկուցել: Դեպքի օրը գնացել է զորամաս՝ ճաշարանին սննդամթերք հատկացնելու, մոռացել էր սպիտակաձավարը: Դրանից հետո ավելացած սննդամթերքը դրել է մեքենան ու իր հետ բերել տուն: Այդ քայլին գնացել է ընտանեկան ծանր վիճակից ելնելով, երեխաների գոյությունը պաշտպանելու համար, ապրում է շատ ծանր պայմաններում, տան միակ աշխատող ուժն է, ունի ծեր մայր և երեք անչափահաս երեխա: Արարքի համար զղջում է: Ապրանքի մեջ եղել է երեք կտոր միս՝ քաշը չի կարող ասել, չորս արկղ մսի պահածո, վեց բանկա տոմատի մածուկ, երեսուն շիշ ձեթ:
Դատարանը մեղավոր է ճանաչել նրան, դատապարտել 550 հազար դրամ տուգանքի։ Ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը։