Առաջիկա օրերին՝ հունվարի 13-ը ներառյալ, հանրապետության ամբողջ տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, իսկ անտիցիկլոնն այնպիսի մթնոլորտային երևույթ է, որի դեպքում ձևավորվում է անամպ երկինք և առանց տեղումների եղանակ: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ նկատելով, որ առաջիկա 5 օրերին հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ չեն կանխատեսվում:
«Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին՝ ասեմ, որ օդի ջերմաստիճանը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի հիմնականում 5-6 աստիճանով, իսկ հանրապետության մյուս շրջաններում առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանի փոփոխություն բացարձակապես չի սպասում: Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին հիմնականում կանխատեսվում է -2-ից -4 աստիճան, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +9»,- ասաց Գագիկ Սուրենյանը։
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձ է մոտ 4-5 աստիճանով, այսինքն՝ բազմամյա միջինից շեղված է 4-5 աստիճանով: Սակայն նա վտանգավոր որևէ բան այստեղ չի տեսնում, միայն նկատում է, որ հանրապետությունում ձնածածկույթը քիչ է: