Դաժան հարված Վովա Գասպարյանին ու մյուս իրավապահներին
Advertisement 1000 x 90

Դաժան հարված Վովա Գասպարյանին ու մյուս իրավապահներին

Հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում: BMW X6 մեքենան բախվել է ոստիկանական մեքենային, որի հետեւանքով մահացել է ՃՈ աշխատակիցը, մյուս աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում է: Մահացածը նոր էր երեխա ունեցել:

Shamshyan.com-ը հայտնում է, որ BMW X 6-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Մեքենայի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական եւ ռուսական, իսկ այն վարել է բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական բազմաթիվ պատմություններով հայտնի «Ճվճըվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Քրեական հեղինակություն համարվող Ճվճըվ Արոն ժամանակին եղել է Երեւանի ավագանու անդամ եւ մահացել է անցյալ տարի: Թե նա, թե իր որդիները վերջին տարիներին, ըստ մամուլի հրապարակումների ու ոստիկանական հաղորդագրությունների, բազմաթիվ պատմությունների մեջ են հայտնվել՝ վթարներ, կրակոցներ եւ այլն, որոնց հետեւանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: «Սաքուլիկը» նույնիսկ ժամանակին զրկվել է վարորդական իրավունքից, անցել է տարբեր քրեական գործերով:

Բայց նա ազատության մեջ է, շարունակում է վարել մեքենաներ ու հայտնվել ողբերգական միջադեպերի մեջ, որի հետեւանքով շարունակում են տուժել քաղաքացիներ:

Եվ ահա, իրավապահների, արդարադատության թողտվության, անպատժելիության հետեւանքով նոր տարվա առաջին աշխատանքային օրը տեղի է ունենում այս միջադեպը, եւ զարհուրելի խորհրդանշականությամբ՝ զոհը ոստիկանության աշխատակից է:

lragir.am