Ինչպես հայտնի է, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին:
168.am-ը Ռ. Մկրտչյանի փաստաբան Նաիրա Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր պաշտպանյալն ընդունե՞լ է, որ սպանել է իր ամուսնուն, և ի՞նչ բովանդակությամբ ցուցմունք է տվել: Ի պատասխան՝ փաստաբանն ասաց, որ ինքը չի կարող ասել՝ ընդունե՞լ է, թե՞ ոչ, քանի որ դա էթիկայի խախտում կլինի:
«Իհարկե, ցուցմունք տվել է, ընդամենը կարող եմ ասել՝ այդ արարքը, որ ինքը կատարել է, տարիների ընթացքում առաջացած նվաստացումների, խոշտանգումների հետևանքով է: Որպես իր պաշտպան՝ կարող եմ հաստատել այն փաստը, որ, թեև եզրակացության այդ մասը բաց է մնացել, բայց ինքն այդ արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Այսինքն՝ տարիներ շարունակ նվաստացել է, ո՞նց եք կարծում, եթե մարդու ատամը քաշում են, այդ պայմաններում ցանկացած կին, բնականաբար, այդ քայլին կգնար: Ես գտնում եմ՝ իմ պաշտպանյալը հոգեկան խիստ ծանր վիճակում է գտնվել ու ստիպված է այդ քայլն արել: Ես դա ոչ թե սպանություն եմ դիտարկում, այլ այդ հոգեկան խիստ վիճակի արդյունքում ենթադրաբար կատարված արարք: Ինքը երկար տարիներ բռնության մեջ է ապրել, վախից ոչ մի անգամ չի բարձրաձայնել, նույնիսկ փորձել է բաժանվել, բայց ամուսինը վախեցրել, ասել է՝ «եթե բաժանվես, տղայիդ կսպանեմ»: Բնականաբար, ինքը մայր է, նաև որդու մասին մտածելով՝ այդ քայլին չի գնացել: Ես՝ նաև որպես իգական սեռի ներկայացուցիչ՝ ինքս ամեն կերպ փորձում եմ նրան պաշտպանել, որովհետև սա բացառիկ է, իրավաբանությանը հակառակ բան եմ ասում, բայց ես սա հանցանք չեմ համարում, որովհետև ցանկացած կին, լինելով այդ բռնության մեջ, պետք է այդ արարքը կատարեր: Իմ պաշտպանյալը բռնության զոհ է»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ որքա՞ն եք գնահատում ձեր՝ հաղթելու կամ գոնե պատիժը մեղմելու հնարավորությունը, փաստաբանն այսպես պատասխանեց. ««Հաղթել» բառը ես ընդհանրապես չեմ սիրում, ես սիրում եմ աշխատել բարեխիղճ, ազնիվ ու կարծում եմ՝ այս դեպքում կհաղթի ճշմարտությունը, և համապատասխան մարմինները գնահատական կտան պաշտպանյալիս արարքին, և ես համոզված եմ, որ իմ պաշտպանյալի արածը հանցանք չի կարող դիտվել, ու ակնկալում եմ ու մեծ հույս ունեմ, որ կվերականգնվի արդարությունը: Սա բոլոր կանանց խնդիրն էլ է, հետագայում դաս կլինի նաև մյուսների համար, որ նման բռնություններ չեն կիրառի կանանց նկատմամբ»:
Մենք նաև հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է Ռ. Խաչատրյանի առողջական վիճակը: Ի պատասխան՝ Ն. Պետրոսյանն ասաց, որ չի կարող կոնկրետ գնահատական տալ առողջական վիճակի վերաբերյալ, բայց, նրա խոսքով, անզեն աչքով նկատելի է, որ Ռ. Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի:
Անի Քեշիշյան