Սոֆի Դևոյան կրտսերը, որը հեռուստադիտողներին հայտնի է մի շարք հեռուստասերիալներից, Ամանորի գիշերը տոնել է 16–ամյակը։ Սոֆին ծնվել է հունվարի 1–ին` 00։15–ին։ Ասում է`այս տարի առաջին անգամ էր հենց տարեդարձի օր նշում ծնունդը։ Երիտասարդ դերասանուհին Tert.am Life–ին պատմել է, թե ինչպես է անցել օրն ու տրամադրել տարեդարձի լուսանկարները։
«Քանի որ հունվարի 1–ին շատերը քաղաքում չէին լինում կամ զբաղված էին, միշտ ավելի ուշ եմ նշել տարեդարձս։ Ավելի փոքր տարիքում նեղվում էի, որ իմ ծնունդն առանձին չենք նշում։ Մամային ասում էի` ուզում եմ կեսերը նշենք` տասնչորսուկես, տասնհինգուկես, որ ծնունդս ամռանը լինի, սակայն հիմա չեմ նեղվում։ Ուղիղ կեսգիշերին, երբ հնչում են ամանորյա զանգերը, մենք շնորհավորում ենք Նոր տարին, իսկ 15 րոպե անց նշում ենք իմ ծնունդը, քանի որ ես ծնվել եմ 00։15–ին»,– պատմեց Սոֆին ու հավելեց, որ այս տարի բացառություն է եղել և 16–ամյակը նշանավորվել է նրանով, որ տարեդարձը նշել է հենց հունարի 1–ին։
Տարեդարձի առթիվ Սոֆին խնջույք է կազմակերպել իրենց տանն ու հյուրընկալել հարազատ մարդկանց. «Այս տարի որոշեցի իմ մտերիմների հետ հենց ծննդյանս օրը նշել այն։ Առաջին անգամ էի այսպես նշում ծնունդս։ Շատ հետաքրքիր անցավ, ինձ համար շատ հաճելի էր»։
Տորթի մոմերը փչելիս Սոֆին մտապահել է նվիրական երազանք։ «Երազանքներ ունեմ։ Ես գիտեմ, որ պետք է իրականացնեմ դրանք, այդ իսկ պատճառով դրանք դառնում են նպատակ։ Հիմա իմ առաջ ունեմ շատ նպատակներ, որոնք ցանկանում եմ իրականացնել այս տարի։ Ունեմ նաև երազանքներ, որոնք կարծում եմ ժամանակի հետ կդառնան նպատակներ»,– ասաց նա ու հավելեց, որ իր երազանքներն ու նպատակները կապված են կարիերայի հետ։
Ամբողջը՝ life.tert.am