Քաղաքապետարանում առաջիկայում կքննարկվի տրանսպորտային նոր ցանցի ստեղծման և ուղևորափոխադրման սակագնի վերանայման հարցը: Թե ինչպես կանդրադառնա գազի և դիզելային վառելիքի թանկացումը սակագնի վրա, պարզ չէ։
Կթանկանա՞ արդյոք հասարակական տրանսպորտը Երևանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվանից արդեն դիզելային վառելիքն ու գազը ավելի թանկ գնով են վաճառվելու: «Սպառողների խորհրդատվություն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի կարծիքով` անգամ այդ դեպքում տրանսպորտի թանկացումը հիմնավորված չէ:
2018 թվականի սկզբին Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային նոր ցանց է շահագործելու՝ առաջնորդվելով բրիտանական WIG ընկերության ուսումնասիրությունների արդյունքներով և առաջարկություններով: Այդ թեմայով քննարկումներին մասնակցելու համար հրավիրված են նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչները: Քննարկումների ժամանակ անդրադառնալու են ուղևորափոխադրման սակագնին:
Չիլինգարյանի կարծիքով՝ սակագնի բարձրացումը հիմնավորված չէ, թեև տարեսկզբից թանկացել են լիցքավորվող գազը, որով աշխատում են երթուղայինները և դիզելային վառելիքը, որով երթևեկում են ավտոբուսները: Ըստ ՀԿ-ի նախագահի՝ այժմ գործող 100 դրամ սակագինը լիովին բավարար է գծատերերի շահույթն ապահովելու համար: Նա օրինակ է բերում հարևան Վրաստանը, որտեղ ավտոբուսով և մետրոյով երթևեկելու համար հարկավոր է վճարել ընդամենը 50 թեթրի (մոտ 90 դրամ), թեև այդ երկրում դիզելային վառելիքը բավականին թանկ է: Իսկ երթուղայիններով ուղևորափոխադրման սակագինն ավելի ցածր է՝ գրեթե 80 դրամ, որը վճարելով և ուղևորափոխադրման մեկ քարտ ձեռք բերելով՝ հնարավոր է մեկուկես ժամվա ընթացքում անվճար երթևեկել նաև ուղևորափոխադրման այլ միջոցներով:
«Ի դեպ, ուսանողներն ու թոշակառուները տրանսպորտային քարտերը ձեռք են բերում՝ վճարելով ուղեվարձի ընդամենը 40 տոկոսը, իսկ դպրոցականների համար ուղևորափոխադրումն անվճար է: Ինչպե՞ս են նրանք կարողանում պահպանել այդքան ցածր սակագինը: Գուցե պետությունը սուբսիդավորում է այդ ոլորտը, գուցե համակարգն է այդպես աշխատում: Թող մեր քաղաքային իշխանությունն ուսումնասիրի հարևանների փորձը և կիրառի մեզ մոտ»,- ասաց Չիլինգարյանը:
2018 թվականից սեղմված գազի ակցիզային հարկը զգալիորեն բարձրացել է՝ հազար խորանարդ մետրի համար 8 330 դրամից դառնալով 25 հազար դրամ: Ճիշտ է` դիզելային վառելիքի համար ակցիզային հարկը նվազեցրել են՝ 32,5 հազար դրամից 13 հազար դրամ մեկ տոննայի համար, սակայն ԱԱՀ են սահմանել: