2017թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության 5250 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու պահանջով։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ Նա նաև նշեց, որ 2017-ի ընթացքում ևս 10.040 դիմում են ստացել ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջով։
Համեմատության համար նշենք, որ ըստ պաշտոնական թվերի՝ 2016թ.-ին 7229 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու և 3863 քաղաքացի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու պահանջով։
2012-ից ի վեր 15009 մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։
Դիտարկմանը, թե ինչ հիմքով են հիմնականում ՀՀ քաղաքացիները հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից, Բիչախչյանը նշեց, որ ըստ հիմքերի չեն առանձնացվում դիմումները, սակայն տվյալ անձը կա՛մ պետք է ունենա այլ երկրի քաղաքացիություն, կա՛մ հավաստում, որ այդ երկիրը իրեն կտա քաղաքացիություն։
Ըստ նրա՝ վիճակագրություն չկա նաև, թե ովքեր են հիմնականում դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, արդյոք նրանք արտերկրից վերադարձած հայե՞ր են, թե՞ արտերկրում ապրող քաղաքացիներ, ովքեր ցանկանում են երկքաղաքացի դառնալ։ «Նման վիճակագրություն չի վարվում»,- ասաց Բիչախչյանը։
Նշենք, որ անցած տարի մարտ ամսին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանի 22 հազար 264 քաղաքացի Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել։ Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել Հայաստանի 18 հազար 653 քաղաքացի։