Արման Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանոթացե՛ք, ՀՀ վարչապետի խորհրդականն է՝ Մհեր Տերտերյանը, կամ էլ ճիշտ կլինի գրել այնպես, ինչպես ինքն է իր անունը գրել ֆեյսբուքում․ դատելով նրանից, որ արհամարհել է անգլերենում էլ առկա «հ» տառը, երևի ճիշտ կլինի այսպես՝ Մգեռ Տեռտեռյան։
Ուրեմն՝ պարզվում է, որ, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ Վարչապետի խորհրդական հանդիսացող Մգեռը պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր հակված են բռնաբարությունների պատճառ համարել կիսաշրջազգեստների կարճությունը, սպանությունների պատճառ՝ ինքնասիրությունն ու գողական ճիշտը և այսպես շարունակ։
Համենայն դեպս, այս տպավորությունն է ստեղծվում, երբ կարդում ես ՀՀ վարչապետի խորհրդականի մեկնաբանությունը, որում նա իսպառ անտեսում է այն փաստը, որ Ճվճըվ Արոյի Սաքուլիկը, զրկված լինելով վարորդական իրավունքից, մեքենա է վարել, անտեսում է այն փաստը, որ անկախ նրանից, թե ինչ էին անում հետիոտններն ու ՃՈ մեքենան, նա վարում էր մեքենան լույսի արագությամբ, անտեսում է այն հավանականությունը, որ Սաքուլիկը հայտնի է պարբերաբար խմած և ուռած ղեկին լինելու համար, բայց չի անտեսում այն փաստը, որ ՃՈ մեքենան չի զիջել հետիոտնին։ Ու ՀՀ վարչապետի խորհրդականը եզրակացնում է, որ, ա՜յ, եթե զիջած լինեին, հիմա էս զուլումը չէր լինի։ Էն մնացածը՝ հեչ, նրանք ողբերգության պատճառ հաստատ չեն, ըստ ՀՀ վարչապետի խորհրդական Մգեռի՝ կարևորը, որ ՃՈ մեքենան հետիոտնին չի զիջել։
Ի գիտություն ՀՀ վարչապետի խորհրդական Մգեռի՝ տեղեկացնենք, որ եթե ՃՈ մեքենան միացնում է միգալկաները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, ապա կարող է չպահպանել ՃՈ կանոնները։ Եթե ՀՀ վարչապետի խորհրդական Մգեռը ձեռքի տակ չունի փաստեր, որոնք անհերքելիորեն ապացուցում են, որ ՃՈ մեքենան միգալկաները միացրել է անտեղի ու իրենց քմահաճույքից դրդված՝ այդ կեպով թույլ տալով պաշտոնական դիրքի չարաշահում, ապա ՀՀ վարչապետի խորհրդական Մգեռի արածը ոչ այլ ինչ է, քան Ճվճըվ Արոյի Սաքուլիկի ադվակատություն, ինչը խայտառակություն է՝ հաշվի առնելով թե՛ Սաքուլիկի «հարուստ» կենսագրությունը, թե՛ Մգեռի զբաղեցրած պաշտոնը»։