Շատ անարդար է էս աշխարհը, ինչ ուզում եք ասեք։ Նա «Արև արքա» Լյուդովիկոս 14-րդի սիրելին էր, իրավաբան էր ու արքունական ճարտարապետ, Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ էր ու մի շարք մեծամեծ պոեմների, զանազան աշխատությունների, գրական ուսումնասիրությունների չորսհատորյակի հեղինակ, և այս բազմաշնորհ ու մեծավաստակ մարդն անմահացել է ոչ թե որպես իրավաբան կամ ճարտարապետ, բանաստեղծ կամ գրականագետ, այլ՝ խաղաղ երեկոներին իր զավակներին պատմած հեքիաթների շնորհիվ։ Էլ չասենք, որ այսքանից հետո նրա հեղինակային իրավունքն էլ է խախուտ, որովհետև, պա՛հ, իր պատվից վեր է համարել հասարակությանը ներկայանալ որպես մանկագիր, և նրա հեքիաթների ժողովածուն հրատարակվել է Պերոյի 19-ամյա որդու անունով, ավելի ճիշտ՝ կեղծանունով՝ Պիեռ դը Արմանկուր։ Եվ բնական է, որ մինչ օրս այս խնդիրը «պարապ-սարապ» գրականագետների վեճերի կիզակետում է՝ իրական հեքիաթագիրը հա՞յր Պերոն է, թե՞ որդի Պերոն։ Դե, գրականագետները թող շարունակեն բանավիճել, իսկ մեծերս ու մեր երեխաները գիտենք, որ «Մոխրոտ»-ի, «Կարմիր գլխարկ»-ի, «Կապույտ մորուքի», «Կոշկավոր կատվի» և մեզ քաջածանոթ այլևայլ հեքիաթների ֆրանսիական տարբերակների հեղինակը Շարլ Պերոն է, և նրանից երես թեքելու մտադրություն չունենք, որքան էլ «չարակամները» փորձեն ծանրակշիռ փաստարկներ բերել, թե իբր՝ հեղինակը նրա պատանյակ զավակն է։ Ի դեպ, ծանրակշիռ փաստարկներ, կարծես, չկան էլ, այնպես որ հանգիստ խղճով եկեք հիշենք, թե երբ ու որտեղ է ծնվել Շարլ Պերոն (1628-1703)։
Ծնվել է Փարիզում, դատավորի ընտանիքում։ Շարլը վեց եղբայրների կրտսերն էր։ Եղբայրներից մեկը նույնպես ճարտարապետ էր, մյուսն էլ՝ գիտնական էր։
Բազմազբաղ Շարլը 44 տարեկան էր, երբ ամուսնացավ 20-ամյա Մարիի հետ։ Չնայած տարիքային տարբերությունը մեծ էր, բայց զույգը երջանիկ էր։ Ավաղ, նրանց երջանկությունն ընդամենը վեց տարի տևեց։ Երեք որդի և մեկ դուստր նվիրելով իր սիրելի ամուսնուն՝ 26-ամյա Մարին հոգին ավանդեց, և նրա մահից հետո Պերոն գլխովին նվիրվեց իր երեխաներին։ Նա հրաժարվում է դայակների և դաստիարակների ծառայությունից, ամեն երեկո իր շուրջն է հավաքում երեխաներին ու պատմում դեռևս մանուկ հասակում լսած կախարդական պատմություններ։ Եվ այսպես, Շարլ Պերոն է այն առաջին մարդը, որ բերնեբերան շրջող հեքիաթները գրավոր ներկայացրեց աշխարհին՝ հնարավորինս մեղմացնելով միջնադարից մինչև իր ապրած ժամանակները հասած այդ պատմությունները, որոնք ժամանակակից սարսափ-ֆիլմերին ոչնչով չէին զիջում։ Օրինակ, «Քնած գեղեցկուհին» հեքիաթում արքայազնը ոչ թե համբուրում է նրան, որ արթնանա, այլ… բռնաբարում է։ Ու պատկերացրեք, էս մեր գեղեցկուհին հղիանում է և գոհ ու երջանիկ արթնանում։ «Կարմիր գլխարկը» հեքիաթում գայլը խժռում է ոչ միայն տատիկին, այլև գյուղի գրեթե բոլոր բնակիչներին, Կարմիր գլխարկն էլ չար գայլին ուղղակիորեն խորովում է եռացող ձյութի մեջ։ «Մոխրոտը» հեքիաթում խորթ քույրերին հաջողվում է հագնել երջանկաբեր կոշիկը, որովհետև նրանցից մեկը ոտքի մատն է կտրում, մյուսն էլ՝ կրունկը, իսկ վերջում՝ աղավնիները հանում են նրանց աչքերը, ու «բարին» հաղթում է։
Բայց կրկին վերադառնանք «ով է իրական հեղինակը» խնդրին։ Մեկ այլ վարկածով՝ «Սագ մայրիկի հեքիաթները» (թե ինչու՝ Սագ մայրիկ, պատասխանը պարզունակ է. Պերոյի որդին սագի փետուրով է գրել հոր պատմած հեքիաթները) ժողովածուի հեղինակային իրավունքը Շարլ Պերոն որդուն է հանձնել ոչ թե այն պատճառով, որ չի ցանկացել ինքն ստորագրել այդ «անլուրջ» պատմությունների տակ, այլ հեռահար նպատակ է հետապնդել։ Նպատակն էլ Լյուդովիկոս արքայի զարմուհու՝ Օռլեանի իշխանուհու միջավայրում իր Պիեռ որդուն տեսնելու ցանկությունն էր։ Հաշվարկը սխալ չէր. գրքի շռնդալից հաջողությունից հետո Պերոյի որդու առջև բացվում է պալատի դուռը։ Բայց, ավաղ, վեց ամիս հետո Պիեռը փողոցային ծեծկռտուքի ժամանակ սպանում է մի երիտասարդի։ Ազնվականական սուսերով հասարակ հյուսնի որդու սպանությունն աններելի հանցագործություն էր համարվում բարձրաշխարհիկ միջավայրում (ա՛յ, եթե ազնվական ծագումով երիտասարդի սպաներ, երևի կհերոսացնեին նրան), և Պիեռի առջև ոչ միայն ընդմիշտ փակվում է արքայական պալատի դուռը, այլև՝ իր բոլոր կապերն ու փողերն օգտագործելով, Շարլ Պերոն մեծ դժվարությամբ է որդուն հանում բանտից։ Այդ իրավիճակում միակ ելքը նրան ռազմաճակատ ուղարկելն էր։ Ուղարկում է, և կարճ ժամանակ անց նրա դուռը բախում է գույժը՝ Պիեռը զոհվել է։ Ահա այսպիսի «առանց երեք խնձորի» տխուր պատմություն…
Ի դեպ, եթե ձեզ հաջողվի Փարիզ այցելել, և որոշեք զբոսնել Թյուիլըրի այգում, այնտեղ ձեզ կդիմավորի Շարլ Պերոյի արձանը։ Ասում են՝ այգու ընտրությունը պատահական չէ. ազնվականների մի խումբ՝ Լյուդովիկոս 14-րդին հաճոյանալու համար, առաջարկում է փակել այգին քաղաքացիների քթի առաջ, որպեսզի այնտեղ ճեմի միմիայն «Արև արքան»։ Շարլ Պերոն ընդդիմանում է, և այս «հեքիաթն», իրոք, բարի ավարտ է ունենում։ Հենց Շարլ Պերոյի շնորհիվ՝ փարիզցիները շարունակում են ազատորեն զբոսնել այդ այգում։ Մինչ օրս։
Երկնքից էլ երեք խնձոր է ընկնում, մեկը՝ հեքիաթի կախարդական դարպասը բացած Շարլ Պերոյին, մյուսը՝ նրա հայրենակիցներին, երրորդն էլ՝ մեր սիրելի ընթերցողներին։