Ամիսներ առաջ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգել էին հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն: Պարզվում է՝ նրանից մինչ օրս որևէ տեղեկություն չկա:
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը դեռևս նոյեմբերին վստահեցրել էր, որ դեսպանատունը տեղյակ է դեպքից, իսկ դեսպանի խորհրդական Արման Աբովյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ նման դեպքերում իրենց կողմից բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրել էին, որ նոյեմբերին առևանգված ՀՀ քաղաքացու հարազատները Հայաստանի ոստիկանություն չեն դիմել:
Մեր հարցին, թե ամիսներ առաջ առևանգված երիտասարդից որևէ նորություն կա՞ և ո՞վ է զբաղվում գործով, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասաց, որ երիտասարդի հարազատներից ու բարեկամներից որևէ մեկը, և ոչ էլ դեսպանությունը դիմում չեն ստացել առևանգման հետ կապված, իսկ մամուլում հրապարակված նյութերը բավարար հիմք չեն հանդիսանում:
Սա առաջին դեպքը չէ, որ Ուկրաինայում հայի են առևանգում: Ըստ շրջանառվող տեղեկությունների, Ուկրաինայում գործում է հայերից բաղկացած հանցավոր խումբ, որը ժամանակ առ ժամանակ առևանգում է այս կամ հայտնի անձնավորության երեխաներին՝ ապա փրկագին պահանջում և ստանալուց հետո ազատ արձակում: Եղել են դեպքեր, երբ առևանգվածները պահվել են ամսիներ շարունակ: Այս անգամ էլ առևանգված երիտասարդն արդեն երկու ամսից ավելի գտնվում է պատանդի կարգավիճակում: