Եթե ադրբեջանցի ուսուցիչն իրոք խաղաղասիրական միտումներ ձեռնարկեր, արդեն վաղուց պետք է բանտարկված լիներ:
Մեր զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Այսօր eurasianet.org-ից տեղեկացանք, որ դեկտեմբերի 28-ին Ադրբեջանում ազգայնական խմբավորումներից մեկի մի խումբ անդամներ մտել են Բաքվի թիվ 220 ավագ դպրոց ու կրակել ադրբեջանցի ուսուցչի վրա՝ խաղաղության կոչերի պատճառով:
Միջադեպից հետո ադրբեջանցի ուսուցիչը շարունակում է հայերի և ադրբեջանցիների խաղաղ ապրելու մասին գրառումներ կատարել սոցիալական ցանցերում: Դիմում է հատկապես երիտասարդներին, նշում, որ պետք է բացեն իրենց աչքերը, թեև խաղաղություն բառը գործածելու համար իր վրա կրակել են, և իր որդին քաղցած է մնացել:
Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
–Տիկին Ադիբեկյան, ի՞նչ է կատարվում իրականում:
– Թե իրականում ինչ է կատարվում, մենք չենք կարող հստակ կարծիք հայտնել, քանի որ մեդիա դաշտն այնպիսին է, որ մենք տեսնում ենք այն, ինչ մեզ ուզում են ցույց տալ, այլ ոչ թե այն, ինչ իրականում տեղի է ունենում: Իմ պատկերացմամբ, եթե այդ տղան իրոք խաղաղասիրական միտումներ ձեռնարկեր, արդեն վաղուց պետք է բանտարկված լիներ, ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն այդ հարցին պետք է անդրադառնային: Մենք ոչ սա ենք տեսնում, ոչ էլ նա: Ես չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ խաղ է, կոնկրետ ով է այս խաղը տանում, խա՞ղ է արդյոք, թե՝ ոչ, բայց այդ տղայի ակտիվությունը և ազատության մեջ գտնվելու հանգամանքը կասկած է հարուցում, որ դա ինչ-որ մեկի կողմից գրված սցենարով բերմադրություն է:
–Արդյոք սա պրոյե՞կտ է՝ դրսի կառույցներին ցույց տալու համար, թե Ադրբեջանում Ալիևը որքան հանդուրժող է, որ թույլ է տալիս դպրոցներում խաղաղություն քարոզել:
-Մոտավորապես այո: Կարող է թեթև PR ակցիա է, այնուամենայնիվ այս ամբողջ պատմության անկեղծությունը կասկած է հարուցում: Թե հիմա ով է հեղինակը, ում շահերին են ծառայեցնելու այս պատմությունը, ժամանակը ցույց կտա: Առայժմ դոզա-դոզա տեղեկատվություն են մեզ հասցնում, թե ինչ է կատարվում, բայց դա հակասում է Արդբեջանում նման պարագայում բնականոն գործընթացների ընթացքին: Ի՞նչ եք կարծում, եթե ինչ-որ մեկին ցանկանային սպանել, մի՞թե կուղարկեին այնպիսի մարդու, որը չհասներ նպատակին, ծուռ կրակեր. եթե նա ողջ է, ուրեմն ամեն ինչ նորմալ է:
– Ադրբեջանցի ուսուցիչը նաև տեսանյութ է տարածում, որում իր աշակերտները հայերի և ադրբեջանցիների կոնֆլիկտն են բեմադրել: Տեսանյութում խիստ ագրեսիվ կոչեր են հնչում, որոնք ոչ թե խաղաղության, այլ ըստ էության պատերազմի կոչեր են: Իրականում ադեկվա՞տ է նման գործողությունը և տեսանյութը:
– Մանկավարժական տեսանկյունից լավ գործիք է, առաջին հերթին նա երեխային ցույց է տալիս, որ եթե դու ագրեսիա ես դրսևորում, պետք է պատրաստ լինես պատասխան ագրեիսայի, և ավելի լավ է ընկերություն անել, քան վիճել կամ պատերազմել: Այդ առումով խաղի գործիքը դաստիարակչական առումով շատ լուրջ ֆունկցիա է կրում: Ես էդ տեսանյութի մեջ ոչ մի սարսափելի բան չտեսա: Ես ձեզ ասեմ, որ ադրբեջանցի երեխաները շատ ավելի սարսափելի բերմադրությունների են մասնակցում, ու չգիտես ինչու դա աղմուկ չի առաջացնում: Ես չեմ կարող ասել՝ ի վերջո նպատակը որն է: Բարդ թեմա է, այստեղ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները, այդ իսկ պատճառով ես առայժմ կգերադասեմ հետևել իրադարձություններին և տեսնել, թե ինչ զարգացումներ կստանան:
– Հավանակա՞ն է, արդյոք, որ նշյալ ուսուցիչը դպրոցում մանկահասակ երեխաներին խաղաղության կոչերի անվան տակ հայերեն է սովորեցնում և նրանցից, ըստ էության, ռազմիկներ պատրաստում:
– Միանշանակ այո, որովհետև եթե Ալիևը ցանկանում էր ցույց տալ հանդուրժողականություն հայերի նկատմամբ, առաջին հերթին նա պետք է ցուցում տար Կրթության նախարարին, որ նոր դասագրքեր մշակեին, որտեղ հայատյացությունը, պատմական, բարոյական նորմերի խեղաթյուրումը վերացվեր: Բայց նման բան չկա: Մի անգլերենի ուսուցիչ, որը դուրս է եկել մի ամբողջ համակարգի դեմ… դա ծիծաղելի է, դա անհնարին է Ադրբեջանի պես երկրում: