Բարբարոսության և քաղաքակրթության բաժանարար գիծն անցնում է մարդկային վախերի միջով
Advertisement 1000 x 90

Բարբարոսության և քաղաքակրթության բաժանարար գիծն անցնում է մարդկային վախերի միջով

Վարդ Սիմոնյանի Facebook-յան գրառումը.

«Բարբարոսության և քաղաքակրթության բաժանարար գիծն անցնում է մարդկային վախերի միջով: Քարի, Բրոնզի կամ Երկաթե դարաշրջաններն ավարտվեցին ոչ ամենևին այն պատճառով, որ քարը, բրոնզն ու երկաթը վերջացավ: Այդ ժամանակը յուրացվեց ու սպառվեց, որովհետև մարդը հաղթահարեց իր վախերի մի հսկա չափաբաժին և հակադրվեց հին ավանդույթին, ստեղծեց մշակութային նոր նշաններ ու պատկերներ: Ժամանակը միշտ վախերի տրապետության տակ է, և միայն հաղթահարված վախերն են ազատագրում մարդու միտքն ու ստեղծագործական էներգիան, տեղ բացելով ՝ նոր տեսիլքների ու ճանաչողության համար: Չվախենալ, կնշանակի ընդունել Արարչի գոյությունը, իմանալ, որ եթե անգամ բոլոր երկրայինները քեզնից երես դարձնեն, բոլոր քարերը շպրտեն քո երեսին, միևնույնն է՝ Երկինքը քեզ հետ է, դու մենակ չես:

Քաղաքակրթությունն այնտեղ է, ուր կա դիմադրություն, կա քննադատական միտք, այսինքն՝ ամենօրյա գաղջ երթևեկի գլխին մշտապես կախված է ,,հասարակական աղետը,,՝ այսօր երեկը չէ: Յուրաքանչյուր օր հենց այն պատճառով է կրկնվում, որ մարդն ու երկիրն ավելի մեծ կենսափորձով սկսի ծախսել օրվա 24 ժամից բաղկացած իր կապիտալը: Այսօր արագընթաց զարգացումներ, կյանքի բարձր որակ արձանագրում են այն երկրները, ուր չեն վախենում համակարգերը բեռնաթափել հեշտ կառավարելի այո- մարդկանցից և փոփոխությունների գնալ նրանց հետ, ովքեր ո՛չ են ասում ժամանակի համատեքստից դուրս ընկած շարժերին:

Ովքեր ունեն մասնագիտական բարձր զենզ և ուրեմն՝ խիղճ ու արժանապատվություն, ու իրենց իդեալներն ու գաղափարները միշտ ավելի բարձր են օրահացի աշխատանքից:

Ովքեր չեն լռի անարդարության և անբարոյականության հաղթության ժամին, երբ նույնիսկ՝ ամբողջ աշխարհը պապանձվի:

Երբեք մի հավատացեք նրանց, ովքեր պնդելով պնդում են, թե այս մարդիկ պարտվում են մարտնչող միջակություննեի հոծ բանակներին: Դա հենց այդ միջակությունների անհույս հոխորտանքն է: Եթե ստեղծարար, մարդու ճակատագիրը պարտությունը լիներ, մենք կշարունակեինք ապրել Քարե դարում: Մի վերջին հաշվով՝ մարդկության ճակատագիր չկա, դա հենց Ստեղծագործության ճակատագիրն է… այսօր, երեկ և վաղը:

«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հետևեք մեր թողարկումներին tert.am-ում»



Նման նյութեր