ՀՀ նախագահը կընտրվի մարտի 2-ին. ՀՀԿ-ն քննարկում է թեկնածուների հարցը
Advertisement 1000 x 90

ՀՀ նախագահը կընտրվի մարտի 2-ին. ՀՀԿ-ն քննարկում է թեկնածուների հարցը

ՀՀ ապագա նախագահի թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, ունենա Սփյուռքում ազդեցություն, լինի անկուսակցական։ Այս չափորոշիչներն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ինչ մնում է հարցին, թե կա՞ն նմանատիպ մարդիկ, թե՞ ոչ, ապա մեր երկրում, այո, կան նման մարդիկ: Անունների մասին հիմա չենք կարող ասել», – ասաց նա:

Վ.Բաղդասարյանի խոսքով` վերջին օրերին Սերժ Սարգսյանի ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ նա կատարում է նախագահի պարտականությունը` մինչև նոր նախագահին ընտրելը:

«Կարեն Կարապետյանը կառավարության ղեկավարն է և մեր Սահմանադրությամբ Կարեն Կարապետյանը համաձայնեցված ձևով աշխարտում է նախագահի հետ, պատասխանատվությունը երկրի նախագահինն է, մինչև նոր համակարգի անցումը, երբ կընտրենք նոր նախագահ և նոր վարչապետ»,- ասաց Վ.Բաղդասարյանը:

Նա նշեց, որ մինչև վարչապետի թեկնածուին անցնելը պետք է քննարկեն նախագահի թեկնածությունը, սակայն նման քննարկումներ դեռ չկան:

Հարցին, ընդդիմության նախագահի թեկնածուն արդյոք ՀՀԿ-ի համար ընդունելի՞ է, թե՞ ոչ, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ նախագահն անկուսակցական պետք է լինի, և պետք է քննարկել չափորոշիչներին համապատասխան, իսկ մեծամասնությունն իր կարծիքը կհայտնի և «ինչու»-ների պատասխանը կտա:

Սփյուռքից թեկնածու առաջադրելու մասին Վ.Բաղդասարյանը նշեց, որ նախագահի թեկնածուն պետք է ընդունելի լինի նաև Սփյուռքի ու արտաքին աշխարհի համար, քանի որ նրա հիմնական գործունեությունն արտաքին աշխարհի հետ պետք է լինի:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀ նախագահի թեկնածուների մասին քննարկումները կմեկնարկեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում, իսկ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան մարտի 2-ին: