Երեկ՝ հունվարի 14-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները նկատել են, որ Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն է անցել մի տղա, ով փորձում է ինքնասպան լինել։ Այդ մասին քաղաքացիները տեղեկացրել են նշված հատվածով անցնող ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ոստիկաններին, ովքեր էլ կարողացել են հոգեբանական զրույցի արդյունքում այդ տղային անցկացնել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկվածը Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 26-ամյա Վարդան Ղ.-ն է, ով պատճառաբանել է, որ փորձում էր ինքնասպան լինել անձնական խնդիրներ ունենալու պատճառով։
Իսկ այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 00։50-ի սահմաններում ՊՊԾ գնդի նույն վաշտի ոստիկանները Երևան քաղաքի բնակիչ Ռոման Նազարյանի օգնությամբ Դավիթաշենի կամրջի վրա կանխել են Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ՝ 44-ամյա Կարեն Ա.ի ինքնասպանության փորձը։
յս դեպքում ոստիկաններն ու քաղաքացի Ռ. Նազարյանը իրենք են անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և Կարեն Ա.-ին դուրս են բերել անվտանգ վայր։ Այս փաստով նույնպես Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։