ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված հափշտակությունը. առաջադրվել է մեղադրանք: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018թ. հունվարի 12-ին` ժամը 23:50-ին, ահազանգ էր ստացվել, որ Վահագնի թաղամասի տներից մեկում կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ ժամը 22:40-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Վահագնի թաղամասի տներից մեկի պատուհանը, մուտք գործել և հափշտակել տարբեր զարդեր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձորի բնակիչ՝ ծնված 1984թ.: Վերջինս հունվարի լույս 13-ի գիշերը հայտնաբերվել է Վահագնի թաղամասին հարակից տարածքում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նախնական տվյալներով՝ կասկածյալը հափշտակությունը կատարելուց հետո փախուստի դիմելիս վնասել է ոտքը և թաքնվել Վահագնի թաղամասի հարակից տարածքում: Գողոնը հայտնաբերվել է նրա մոտ:
Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ նույն անձի կողմից է կատարվել նաև Հովհաննես Չեքիջյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող տանից 2017 թվականի նոյեմբերին իրականացված գողությունը։ Հ.Չեքիջյանի տանից հափշտակված հուշամեդալների, շքանշանների մի մասը և սրբապատկերը հայտնաբերվել են կասկածյալի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում։ Պարզվել է, որ որոշ հուշամեդալներ կասկածյալը հասցրել էր իրացնել տարբեր անձանց։ Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում՝ երկու գնորդների բնակարանում հայտնաբերվել են Չեքիջյանին պատկանող հուշամեդալներից մի քանիսը ևս։ Քննություն է տարվում՝ գողոնն ամբողջությամբ հայտնաբերելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 34-ամյա վանաձորցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ), և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նույն անձի կողմից կատարվել են մի քանի այլ գողություններ ևս։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։