Ի՞նչ է սոցիալական կյանքը և այդ կյանքի ընթացքում արտահայտվող ճգնաժամերը: Ըստ հոգեբանների, մարդը, լույս աշխարհ գալով և շրջակա միջավայրին հարմարվելով, ունենում է որոշակի ճգնաժամեր, որոնք արտահայտվում են տարքային տարբեր փուլերում: Դրանք հիմնականում այն փուլերում են առավել արտահայտված, երբ կա ներքին աճի և ներաշխարհի մեկ աստիճան զարգացում, ինչը տանում է անձի հոգեբանական զարգացման և հմտությունների յուրացման: Ամեն տարիք ունի իրեն համապատասխան զարգացման պահանջները և շրջապատին ուղղված ասելիքը:
Սոցիալական շրջանը մարդու կյանքում սկսվում է դեռահասության տարիքի ճգնաժամի դրսևորման և հաղթահարման ժամանակահատվածից, երբ մարդն իրեն զգում է հասարակության լիիրավ անդամ և կարողանում է ինքնարտահայտվել և որոշակի գործունեություն իրականացնել: Որպես հոգեբան՝ փորձեմ առանձնացնել տարիքային մի քանի փուլեր և դրանցում արտահայտվող ճգնաժամին համապատասխան արժեքային համակարգի օրհասական հարցերը, որոնք ուղղված են մարդու կյանքի որակի զարգացմանն ու բարելավմանը:
18-20 տարեկան՝ «անցում ինքնուրույն կյանքի»
Այս փուլում հիմնական գործունեությունն ուսումն է և բանակում ծառայելը: Դեռահասը, ով արդեն պատանեկության փուլում է, ձգտում է առանձնանալ ընտանիքից իր ինքուրույն գործունեությամբ: Քսան տարեկան հասակում, երբ արդեն որոշակի հոգեբանական հասունացում և անձնային առանձնացում է կատարվել, պատանու մոտ այլ խնդրահարույց հարցեր են առաջ գալիս՝ ինչպես գոյատևել մեծահասակների շրջապատում: Նա քաջ գիտակցում է, որ տվյալ կյանքում նա շատ բաների դեռ ունակ չէ, շատ խնդիրներ լուծելու համար չունի բավարար ունակություններ և գիտելիքներ:
Հոգեբանական ակնարկ՝ ինչպես հաղթահարել նման իրավիճակը: Անհրաժեշտ է ընդունել ընտանեկան աջակցությունը ծնողների կողմից: Ընդունել նպատակին աստիճանաբար հասնելու փիլիսոփայությունը՝ հիմք ընդունելով այն գաղափարախոսությունը, որ մարդ գերագնահատում է այն, ինչ կարող է անել մեկ տարում, սակայն թերագնահատում է այն, ինչ կարող է անել տասը տարում:
30 տարեկան՝ «Առաջին ձեռքբերումների վերագնահատում»
Որպես կանոն՝ այս տարիքում ծագում են կյանքի ձեռքբերումները վերլուծող և նկատառող հարցեր: Անձը սկսում է որոշակիացնել և վերաարժևորել իր կատարած քայլերը, հասկանալ, թե ինչ ձեռքբերումներ ունի մինչ այս պահը, և ըստ դրա՝ գնահատում իր պիտանելիությունն ու կայացածությունը: Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ մարդիկ ցանկություն են հայտնում փոխել մասնագիտությունը և ամեն բան սկսել նորից: Միայնակները սկսում են կյանքի ընկեր փնտրել, ընտանիք ունեցող երիտասարդները ցանկանում են համալրել ընտանիքը: Երիտասարդը սկսում է գիտակցել, որ շատ բացթողումներ կան կյանքում, որոնք հնարավոր էր կանխել, սակայն անցյալը ետ չես բերի, և անձը սկսում է ապրել՝ ավելի գնահատելով ժամանակը և հստակեցնելով իր հետագա անելիքները:
Հոգեբանական ակնարկ՝ ինչպես վարվել: Պետք է հիշել, որ ամենամութ ժամանակահատվածն արևածագից առաջ է, և պետք չէ շտապել դեպի գլոբալ փոփոխությունները, քանի որ հնարավոր է, որ դեռ բոլոր քանակական փոփոխությունները չեն հասունացել դեպի որակականի:
40 տարեկան
Կյանքի գրեթե կեսն ապրելով՝ մարդն արդեն հասկանում է, որ այն անվերջ չէ, և մի օր ավարտվելու է: Դրան են հանգեցնում երիտասարդության կորուստը, ֆիզիկական ուժի մարումը, որոշ հիվանդությունների սրացումը: Այդ պահից անձը կորցնում է հույսը՝ ուղղված առաջընթացի վերջին հնարավորություններին:
Հոգեբանական ակնարկ՝ ինչպես վարվել: Որպես կյանքի վերաիմաստավորմանն օգնող վարժանք՝ խորհուրդ է տրվում թղթի վրա գրի առնել մինչ այդ պահը ձեռք բերած յուրաքանչյուր վաստակ, յուրաքանչյուր դրական և օգտակար գործողություն՝ ուղղված և՛ սեփական անձին, և՛ շրջապատին: Որպես կանոն՝ միշտ գրառումից հետո ներշնչվելու զգացողություն է առաջանում, քանի որ յուրաքանչյուր մարդ, քառասուն տարվա ընթացքում, անպայման կատարած է լինում քայլեր, որոնք, համարելով ոչ այդքան կարևոր, մոռացության է մատնել: Երկրորդ քայլը, դա կենտրոնանալն է այն բացթողնման վրա, որ համարվում է խնդրային: Պարտադիր չէ՝ դա լինի մասնագիտական կամ առաջընթացային: Այն կարող է ուղղակի հոգեկան և անձնային բավարարվածություն բերել, օրինակ, գրել ինչ-որ գիրք, զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ, օգտակար լինել որոշակի մարդկանց խմբերին, և այլն:
50 տարեկան և բարձր
Սա այն տարիքն է, երբ մարդն արդեն շրջապատի կողմից ընկալվում է՝ որպես հասուն, կյանքի փորձով պաշարված իմաստուն, ով ունի կայացածություն թե մասնագիտական հարթակում, թե որպես ծնող, թե որպես ընտանիքի կայացման մասնակից, թե որպես առհասարակ հասարակության լիիրավ անդամ: Նրանք ամեն պահի ունենում են կյանքի վերագնահատման և վերաիմաստավորման զգացողություն, նյարդային համակարգն առավել կայուն է դառնում: Կյանքի ամեն փորձություն նրանց անակնկալի չի բերում, և դրա լուծումն առավել հավասարակշռված պայմաններում են գտնում: Ճգնաժամն առավել ցայտուն արտահայտվում է, երբ այս տարիքի պատկառելի անձը համարում է, որ իր ժամանակն անիմաստ է վատնում, մանավանդ, եթե ամբողջ կյանքի ընթացքում սովոր է աշխատել:
Հոգեբանական ակնարկ՝ ինչպես վարվել: Նման իրավիճակում օգնող հանգամանք է հարազատների կողմից տվյալ անձի անցյալն ու ներկան կարևորելը: Կարևոր է նման մարդկանց անընդհատ սպասված, սիրված և պիտանի լինելու զգացողություն ներշնչելը:
Յուրաքանչյուր մարդ կյանքի ամեն մի փուլում իր անելիքների, արժեքային համակարգի վերաիմաստավորման կարիք է ունենում, որը նրան առաջ գնալու և հնարավորությունները ռեալ գնահատելու հնարավորություն է տալիս: Եթե կա ճգնաժամ, դա նշանակում է, որ մարդը բովանդակային առումով գնահատում և արժևորում է այն, ինչն ունի, և ցանկանում է ինքնահղկվել՝ ինքնաճանաչման միջոցով: Տարիքային ճգնաժամը դատավճիռ չէ, դա կյանքի կողմից պարգև է, որը յուրաքանչյուրին չի այցելում: Եթե այն կա, նշանակում է՝ մարդն իրապես պայքարում է՝ որպես սոցիալական էակ:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան