Իջևանի փողոցները մաքրող հավաքարարը տուգանվեց 500 հազար դրամի չափով. aravot.am
Advertisement 1000 x 90

Իջևանի փողոցները մաքրող հավաքարարը տուգանվեց 500 հազար դրամի չափով. aravot.am

Իջևան քաղաքի բնակիչ, Իջևանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկում հավաքարար աշխատող, 1977թ. ծնված Ժաննա Խեմչյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա իր ընկեր`Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Անդրանիկ Խոշյանից վերցրել է վերջինիս անվամբ հաշվառված «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Նուռ քարտ» վարկային քարտը, նույն քարտի գաղտնաբառի պարունակությամբ թղթյա ծրարը և ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել «Արդշինբանկ» ՓԲԸ Իջևանի մասնաճյուղի Մելիքբեկյան 10 հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող բանկոմատ և գաղտնի հափշտակել 296 հազար դրամ գումար:

Նախկինում դատված, դատվածությունը մարված, ամուսնալուծված, խնամքին անչափահաս 2 երեխա ունեցող Ժ. Խեմչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի hափշտակությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»):

Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 500 հազարից 1 միլիոն դրամի չափով տուգանք, կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ժ. Խեմչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մինչ Իջևան քաղաքում դատաքննությունը սկսվելը` ժ. Խեմչյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Գործով տուժողն ու մեղադրողը չեն առարկել այդ միջնորդության դեմ:

Հունվարի 12-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ժաննա Խեմչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրան դատապարտել 500 հազար դրամի չափով տուգանքի:

aravot.am