Ինտերպոլի անդամ երկրներից 2017 թվականին հետախուզման վերաբերյալ ստացված 170 նոր հարցումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում ոստիկանության մարմինների միջոցով հաջողվել է կազմակերպել 67 անձանց (2016 թ.` 56) հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում: Հայտնաբերվածներից 33-ը ձերբակալվել են, 4-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի:
«Իրականացված աշխատանքների շնորհիվ դրանց թվում հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձանց, որոնցից 28-ը ձերբակալվել են, 4-ը ենթարկվել էքստրադիցիայի»,- նշված է Հայաստանի Հանրապետությունում Ազգային կենտրոնի բյուրոյի 2017 թվականի հաշվետվության մեջ:
Ըստ հաշվետվության` ՀՀ ոստիկանության մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ստացված 201 նոր հարցումների հիման վրա տեղեկատվության օպերատիվ ուղեկցումը կազմակերպելու շնորհիվ հաջողվել է պարզել 173-ի (2016 թ.` 168) գտնվելու վայրը, որոնցից 116-ը ձերբակալվել են, իսկ 18-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի:
«Ինտերպոլի ուղիներով իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 43 անձանց, որոնցից 30-ը ձերբակալվել են, 12-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի»,- ասված է հաշվետվության մեջ:
ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն համագործակցել է Ինտերպոլի անդամ 94 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել Ռուսաստանի Դաշնության` 1559 ստացված և առաքված տեղեկատվական միավոր, Ֆրանսիայի` 612, Ուկրաինայի` 546, Վրաստանի` 472, Իրանի` 472, Թուրքիայի` 379, ԱՄՆ-ի` 318, Լեհաստանի` 281, Գերմանիայի` 280 և Շվեդիայի` 227 հետ:
Ինտերպոլի հետախուզվողների ինտերնետային վեբ-էջում արտացոլված են 12 հետախուզվողների տվյալները: